«Ես կարծում եմ, որ նոր կառավարության՝ մեկ տարվա ընթացքում իրականացրած գործունեությունը կարելի է գնահատել դրական, քանի որ այս ընթացքում նորմալ պրոցեսներ են տեղի ունեցել, և դրանց արդյունքները վարչապետն այսօր մանրամասն ներկայացրեց»,-ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:

Նրա խոսքով` քանի որ քաղաքական կայունությունը նոր է հաստատվում, չէին էլ կարող պատկերացնել, որ տնտեսական թռիչքներ կարող են գրանցվել այս մեկ տարվա ընթացքում` նոր խորհրդարան ձևավորելու և մի քանի անգամ վարչապետ ընտրելու պայմաններում.

«Կարծում եմ, որ այս տարվա երկրորդ կեսին, շատ ավելի խաղաղ պայմաններում մեր ցուցանիշները կավելանան և կլինեն ավելի հուսադրող և կայուն»,-ասաց նա: Հարցին, թե ինչպես կմեկնաբանի ընդդիմադիր և արտախորհրդարանական ուժերի այն հայտարարությունները, որ ներդրումներ, այնուամենայնիվ, չեն նկատվում, պատգամավորը պատասխանեց. «Գիտե՞ք՝ ներդրումը իր չի, որ մի տեղից վերցնեն ու դնեն մեկ ուրիշ տեղ: Նախ, մինչ որոշում են ներդրում անել, անցնում են մի քանի պրոցեսներով` հասկանում են իրավիճակը, կանխագծում են, գնահատում ռեսուրսները, հետո միայն սկսում և արտադրանք թողարկում, որի արդյունքը կերևա մեր ներքին համախառն արդյունաբերությունում: Այսինքն, ակնկալել, որ մեկ տարվա ընթացքում ներդրումները գալու էին և դառնալու էին աշխատատեղ և արդյունք, պարզ է, որ այդպես չէր կարող լինել: Ինչպես անցյալ անգամ Աժ-ում վարչապետը նշեց` հիմա ընթացքի մեջ են մոտ 2.5 միլիարդ դոլարի ներդրումային փաթեթներ: Այդ փաթեթների արդյունքում գործարանները պետք է ծնվեն, կայանան և գործեն, որպեսզի արդյունքը տեսնենք»,-ասաց Վարազդատ Կարապետյանը` ընդգծելով, որ նոր կառավարության իրական արդյունքը և ներդրումների իրական պատկերը կերևա առաջիկա երկու կամ երեք տարիների ընթացքում: