Եվրամիության ընտրազանգվածի առջեւ լուրջ ընտրություն է կանգնած ընդհանուր եվրոպական ապագայի կառուցման եւ նացիոնալիզմին վերադառնալու միջեւ։ Այս մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով Ռումինիայում ԵՄ առաջնորդների գագաթաժողովում, տեղեկացնում է AP-ը։

Նրա խոսքով՝ այդ ընտրության պատճառը մայրցամաքում պոպուլիզմի աճն է։ «Բեկում կա եվրոպական բոլոր երկրներում»,- ասել է նա։ «Այլընտրանքը պարզ է։ Ցանկանո՞ւմ ենք արդյոք շարունակել միասին կառուցել, թեկուզեւ այլ կերպ, որպեսզի բարելավենք իրավիճակը»,- ասել է նա։ «Թե՞ ցանկանում ենք ապակառուցել, վերացնել Եվրոպան եւ վերադառնալ նացիոնալիզմին»,- նշել է Մակրոնը՝ ասելով, որ 15 օրում մոտ 400 մլն եվրոպացի պետք է ընտրություն կատարի։

«Մենք պետք է ավելի արագ եւ ավելի մեծ վճռականությամբ շարժվենք դեպի եվրոպական վերածնունդ»,- ասել է նա լրագրողներին։ «Կլիման, սահմանների պաշտպանությունը եւ աճի մոդելը, սոցիալական մոդելը՝ սրանք այն են, ինչ ես ուզում եմ առաջիկա տարիներին»։