«Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ներսում հակասությունները և փոխադարձ անհանդուրժողականությունն ավելի են խորանում: Իր հերթին, «թևավոր» խորհրդարանում, ըստ մամուլում առավել հաճախ շրջանառվող եզրույթների՝ բացի սորոսականներից, կան նաև ինտելեկտուալներ, «տեղը չբերողներ» և «արտոնյալներ»։ Առկա են նաև «խղճուկները». վերջիններիս ոչ մի տեղ գործուղման չեն տանում ու բոլորով համերաշխ ապահովում են արտահոսք` մեկը մյուսի դեմ: Ընդ որում՝ բոլորը բոլորին ուզում են «բռնել» արտահոսքի մեջ, որ «լինչի» դատաստանի ենթարկեն։ Առկա է նաև հակասությունը խորհրդարանական ֆրակցիայի և գործադիրի միջև: Բացի այդ, «ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում գնալով մեծանում է անջրպետը կուսակցականների եւ անկուսակցականների միջեւ։ Անկուսակցականներն իրենց «իրավունք» են վերապահում` առանց «վերեւների» հետ հստակեցնելու կարծիք հայտնել, ավելի ինքնուրույն են։ Առկա հակասությունների մասին խոսակցությունները չեն հերքում նաև իմքայլականները, մասնավորապես՝ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը բազմիցս է նշել, որ ««թիմի ներսում կան քննարկվող հարցեր»: Բանը հասել է նրան, որ իշխանական պատգամավորները մեկը մյուսի դեմ «գործ են տալիս» և ուշադրություն հրավիրում գործընկերների բացակայությունների, այլոց փոխարեն քվեարկելու դեպքերի վրա, կամ էլ բացահայտ դեմարշի են գնում, ինչպես օրինակ, Սասուն Միքայելյանը:
 
Ուշագրավ է, որ 88 հոգանոց ֆրակցիայի գրեթե կեսը կուսակցական չէ։ 52 պատգամավոր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, 3-ը դաշնակից «Առաքելություն» կուսակցությունից են, մյուս 33-ը՝ անկուսակցական: Փաստ է, որ «Իմ քայլում» կան մարդիկ, ովքեր իրապես մտահոգված լինելով երկրի ապագայով, խորհրդարանական ընտրություններին ընդառաջ համաձայնել են մաս կազմել Նիկոլ Փաշինյանի թիմի նախընտրական ցուցակին: Դրանք այն մարդիկ են, ում ներկայությունը խորհրդարանում «լավություն» է Փաշինյանին, քանի որ առանց այդ անձանց «Իմ քայլի» ինտելեկտուալ և օրենսդիր ներուժը, մեղմ ասած, կաղալու էր: Եթե հակասությունները «Իմ քայլում» խորանան, ապա չի բացառվում որ այդ մարդիկ պարզապես կարող են առանձնանալ ֆրակցիայից, կամ էլ միանալ ԲՀԿ-ին, կամ ԼՀԿ-ին: Այս դեպքում բյուջեի քննարկման ժամանակ, կամ արդեն հունվար ամսին՝ ԱԺ-ում կարող է ակտուալ դառնալ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցը: Թերևս իշխանական ֆրակցիայում կան պետական արժեհամակարգով և մտածելակերպով մարդիկ, ովքեր քաջ գիտակցում են, թե ուր է գնում իրավիճակը, գիտակցում են, որ բազմաթիվ ծրագրեր այդպես էլ իրականություն չդարձան, իսկ խոստումները և հաջողությունների արձանագրումը բաժակաճառերի մակարդակից այն կողմ մեկ տարի անց այդպես էլ չեն անցնում: