Հետընտրական շրջանի, իսկ ներկայում Ազատության հրապարակում տեղի ունեցող գործընթացները քննադատության են արժանանում տարբեր ուժերի կողմից: Հեռուստատեսությունների ներկայացուցիչների հետ ունեցած իր հարցազրույցում Սերժ Սարգսյանը տվեց իր որակումները, ըստ էության ասելով, թե այսպես երկար շարունակվել չի կարող, ինչից կարելի է ենթադրել, որ վարչակարգը պատրաստվում է հնարավոր “մարտի 1” 2 օպերացիային: Օբամայի, Պուտինի եւ այլոց աչքից չընկնելու համար կեղծիքը օրինականացրած Ամենայն Հայոցը կոչ է արել Րաֆֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը' ընտրելով պայքարի “քաղաքակիրթ” ճանապարհ:
Եթե այս, եւ Հայաստանում էսթաբլիշմենտի այլ օղակների նմանատիպ հայտարարությունները սպասելի էին, ապա ընդդիմադիր մեկ այլ ուժի' փոխակերպումների փուլում գտնվող Հայ Ազգային Կոնգրեսի գաղափարախոսների' գործընթացը արժեզրկելուն միտված ծաղրուծանակային վերլուծություններում չարակամությունն ավելի շատ է, քան քննադատության միջոցով օգնելու ցանկությունը: Մինչ այս փորձել եմ հնարավորինս քիչ յուղ լցնել կրակի վրա, քանի որ գտել եւ այժմ էլ կարծում եմ, որ հատկապես այս փուլում ներընդդիմադիր պատերազմից առավելապես շահում է վարչակարգը, սակայն հաճախորդ, ծախված եւ այսօրինակ այլ էպիտետներով համեմված բացարձակ ճշմարտությունների ոճով ասվող տեքստերն անպատասխան թողնելու պարագայում, վտանգ կա, որ դրանք կարող են գերիշխող դառնալ: Եվ ուրեմն կփորձեմ իրավիճակը վերլուծել այլ դիրքից' զերծ մնալով որակումներից եւ գնահատականներից:
Նախագահական ընտրությունների հենց հաջորդ օրվանից սկսեցին հնչել անհուսություն, անվստահություն եւ կասկածամտություն ներշնչող հայտարարություններ, առ այն, թե Րաֆֆին թույլ է, համախմբել չի կարող կամ ցանկանում, միտումնավոր հանգցնում է դեռ նոր այրվող կրակը: Ընդհանուր առմամբ, համաձայն եմ. այո փետրվարի վերջին տասնօրյակի ընթացքում հնարավոր էր շատ ավելի արդյունավետ եւ արագ համախմբում, սակայն ի՞նչ կարող էր սա նշանակել: Նախ ուզում եմ հարցնել, կա՞ որեւէ մեկը, ով կարող է պնդել, թե ձեռքերն արյան մեջ թաթախած հանցախումբը ընկրկելու էր ժողովրդական ալիքի առջեւ, ընդ որում քաղաքական ուժերի նույնիսկ ամենալայնածավալ համախմբման պարագայում:
Մի պահ պատկերացնենք, որ ասենք փետրվարի 22-ին Րաֆֆիի կողքին հայտնվեին ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ նույնիսկ ԲՀԿ-ն, ինչը, կարծում եմ կհամաձայնեք, ցանկության դեպքում միանգամայն հնարավոր էր: Ավելին' այս համախմբումն առաջին հայացքից առավել տրամաբանական եւ հեշտ ճանապարհը կարող էր լինել' բացառությամբ վերջինի, որի հետ ձախողված քաղաքական դաշինքի փորձը սարերի հետեւում չէ: Անձամբ ես գտնում եմ, որ ԲՀԿ-ին իրական ընդդիմադիր համարելը ոչ այլ ինչ է, քան ցանկալին իրականության տեղ ընդունել: Այս բացառապես փողի վրա ձեւավորված խումբը, որը չունի քաղաքական գաղափարախոսություն, գոնե այս պահին չափից դուրս շատ բան ունի կորցնելու իրական ընդդիմություն դառնալու համար:
Ինչեւէ, ենթադրենք թե սկսվում էր լայնածավալ հանրահավաքների շղթա, Ազատության հրապարակում գիշերակաց, կամ վերջնագրով երթ դեպի Բաղրամյան 26' Սերժի հրաժարականի պահանջով: Այս իրավիճակում նոր բախումն անխուսափելի էր լինելու, քանի որ ակնհայտ է, որ նախկինում մարտի 1 իրագործած եւ անպատիժ մնացած վարչախումբը հանգիստ կարող է կրկնել այն, հատկապես այն պարագայում, երբ Սերժը ձեռնտու է արտաքին բոլոր խաղացողներին, իսկ բանակում, ոստիկանությունում եւ ուժային այլ մարմիններում հրաման չկատարելու միտում չի նկատվում: Գործընթացն անկասկած ուղղորդվելու էր պատերազմի մեջ լինելու եւ պետական դավաճանության հռետորաբանությամբ, քաղբանտարկյալների հերթական խումբը հայտվելու էր բանտերում:
Սա ասում եմ, որովհետեւ համախմբում չիրականացնելու մեջ Րաֆֆիին մեղադրողները գոնե մինչեւ հիմա չեն առաջարկել հնարավոր նոր զանգվածային շարժման միջոցով փոփոխության հասնելու ռեալ տեսլական: Շարժումը չսրելուց եւ լայնածավալ համախմբում չիրականացնելուց զատ, քննադատները դեռեւս չեն նշում, թե ինչ էր լինելու հնարավոր նոր ալիքի հետ, ո՞վ եւ ինչ կերպ էր պատասխանատվություն կրելու հնարավոր նոր զոհերի համար եւ որքան հեռու էին պատրաստ գնալ իրենք:Ավելին' չգիտես ինչու մոռացության է մատնվում այն իրողությունը, որ պետության գլուխը եղած Տեր-Պետրոսյանը, ով լավ գիտի ներքաղաքական ճգնաժամի հնարավոր վտանգները, ինքը հանդիսացավ մարտի 1-ի բախումների հետագա ընթացքը կանխողը: Իսկ ավելի ուշ' 2011 թվականի աշնանը, երբ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի եւ արաբական հեղափոխությունների ազդեցությամբ Հայաստանը կանգնած էր սոցիալական բունտի եզրին, հենց առաջին նախագահն էր, ով կանխեց հնարավոր ապստամբությունը' վարչակարգի հետ երկխոսությամբ քաղբանտարկյալների ազատ արձակմանը հասնելով, այս կերպ ըստ էության ճանաչելով Սերժ Սարգսյանի իշխանությունը, ինչն էլ քաղաքական կապիտալի լուրջ կորուստների պատճառ դարձավ:
Ես կարող եմ համաձայն չլինել Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական պայքարի ռազմավարության եւ մարտավարության, կամ դրանց բացակայության հետ, սակայն քանի դեռ ինքս չեմ առաջարկել քայլերի հստակ հաջորդականություն' դրանց հնարավոր ելքերի վերլուծությամբ, ինձ իրավունք չեմ վերապահում խրատ կարդալ պայքարի իր ճանապարհն ընտրած մարդու գլխին: Ինչ խոսք, արդար պահանջով պայքարի այս ծայրահեղ միջոցի արդյունավետության խնդիրը կարելի է եւ պետք է քննարկել, սակայն եթե նպատակը հաջողության հասնելն է եւ չկա նախանձի կամ չուզողության էլեմենտ, ապա դա պետք է անել առանց ցինիզմի եւ վիրավորանքների:
Հ.Գ. Ընդդիմադիր որոշ ընկերներիս կողմից հնչող այն հայտարարությունը, որ եթե ընտրությունը Րաֆֆիի եւ Սերժի մեջ է ես ընտրում եմ վերջինին, քանի որ, մեջբերում եմ' “ես էդ մարդուն երկիր չեմ վստահի”, ուզում եմ հակադարձել. ես էլ չէի վստահի երկիրը Վազգեն Մանուկյանին եւ Ստեփան Դեմիրճյանին, բայց վստահեց ժողովրդի մեծամասնությունը եւ սա է ինձ համար պայքարի առանցքը…