ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետը համամիտ չէ այն կարծիքին, որ Մեղրիի զորամասի սկանդալային միջապեպը նաև ռազմական ոստիկանության թերացման արդյունքն էր։ Այսօր՝ մայիսի 9–ին  ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանը NEWS.am–ի հետ զրույցում առաջին անգամ խոսեց մարտին տեղի ունեցած միջադեպի մասին։

Զինծառայողների կողմից Մեղրիի զորամասի տարածքը մասսայաբար լքելու դեպքը մինչ օրս բազմաթիվ հարցերի տեղիք է տվել։ Ինչպե՞ս եք մեկնաբանում միջադեպը։

Ռազմական ոստիկանությունը բացասաբար է վերաբերվում  նմանօրինակ դեպքերին։ Մենք զինվորին ստիպողաբար չենք ուղարկել ծառայության, նրանք բանակ են զորակոչվել իրենց պարտքը կատարելու և չպետք է նման եղանակով լքեին զորամասի տարածքը։ Դրա համար կա համապատասխան վերադաս հրամանատարություն, որին կարող էին իրենց բողոքը ներկայացնել և հարցին լուծում տալ։ Կոնֆլիկտը հարթվել է, ներկայումս այդ զորամասում որևէ արտոնյալ զինծառայող չկա, մնացածը կպարզի քնությունը։

Քննության տվյալների համաձայն՝ որոշ զինծառայողներ առանձին սենյակ են ունեցել, ծառայել արտոնյալ պայմաններում. այս մասին ի՞նչ կասեք։

Ամեն զինվոր մի ընտանիքից է դուրս եկել, և կան այնպիսինները, որոնք իրենց վարքով տարբերվում են, նրանք էլ նման միջադեպի պատճառ են դարձել։ Ամեն ընտանիքում էլ կլինեն երեխաներ, որոնք իրենց արտոնյալ կարող են երևակայել, սակայն բանակում արտոնյալ զինծառայողներ չկան։

Այսինքն հիմա բանակում արտոնյալներ չկա՞ն։

Բանակում ակնհայտ աչքի ընկնող, իրենց առավելությունն ընդգծող զինծառայողներ չկան, որովհետև մենք այդ ուղղությամբ համապատասխան  աշխատանքներ ենք իրականացնում և՛ զորամասերում, և՛ տարբեր ստորաբաժանումներում ։

Կարծիք կա, որ Մեղրիի զորամասի դեպքը նաև ռազմական ոստիկանության թերացման արդյունքն էր։

Մենք թերացում չունենք. մեր ռազմական ոստիկաններն իրենց ծառայողական պարտականությունները կատարում են։

Դեպքից հետո արդյոք ուժեղացված հսկողությունը շարունակվո՞ւմ է Մեղրու զորամասում։

Ուժեղացված հսկողություն միշտ իրականացրել և հիմա էլ իրականացնում ենք։

Զորամասերում հաճա՞խ են լինում դեպքեր, որոնք հրամանատարությունը գաղտնի է պահում, ինչի արդյունքում և նման դեպքեր են հասունանում։

Նման դեպքեր կարող են լինել, սակայն  մենք աշխատում ենք հրամանատարական կազմի հետ սերտ համագործակցենք, որ արատավոր դեպքերը չթաքցնեն, այսինքն՝ մենք օգնում ենք  համատեղ բացահայտելու դրանք և զինծառայողներին ճիշտ ուղու վրա դնելու։

Ի՞նչ պետք է անել, որպեսզի բանակում նմանօրինակ դեպքերը բացառվեն:

Ռազմական ոստիկաննությունն իր մասով պետք է շարունակի իր բացատրական, դաստիարակչական  աշխատանքները,  ձեռնարկենք համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ,  որպեսզի հետագայում խուսափենք նման դեպքերի կրկնությունից։

Եթե կան կարգազանց զինծառայողներ , մենք ներկայացնում ենք  զորամասի ղեկավարությանը, որից հետո նրանք ընդունում են համապատասխան որոշում՝ պահել զորամասում, տեղափոխել այս կամ այն զորամաս կամ ներկայացնել կարգապահական պատժի ենթարկելու։

Հիշեցնենք, որՄեղրիի զորամասերից մեկում զինծառայողներն ինքնակամ լքել են զորամասը՝ այդպիսով հայտնելով իրենց բողոքը: Դրանից հետո մի խումբ զինծառայողների մարտի 17-ին տեղափոխել են Կապանի, ապա՝ Ստեփանակերտի կարգապահական զորամասեր, որտեղից էլ այնուհետեւ տարել են առաջնագիծ: Գնդի սպաների խոսքով՝ մասսայական այս ակցիան կազմակերպելու մեջ կասկածվող զինծառայողները պարբերաբար աչքի են ընկել ոչ կանոնադրային պահվածքով։

Դեպքի առթիվ հարուցվել է երկու քրեական գործ: Մեկը՝ ՀՀ ՔՕ-ի 364-րդ հոդվածի 2-րդ մասի (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը), իսկ մյուսը՝ ՀՀ ՔՕ-ի՝ 375-րդ հոդվածի 1-ին մասի (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) հատկանիշներով։ Քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել 5 զինծառայողների եւ զորամասի հրամանատարին. վերջինիս պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է։

Թագուհի Մելքոնյան