Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հերթական անգամ ցուցադրել է, թե ինչպիսի եռանդով է իրականություն դարձնում նախընտրական շրջանում իր տված խոստումները: Մասնավորապես, Մարությանը հայտարարել է, որ Երևանի կիսաքանդ վերելակները պետք է վերանորոգեն հենց իրենք՝ երևանցիները, քանի որ քաղաքապետարանը միայնակ ի վիճակի չէ այս խնդիրը լուծել, բացի այդ՝ փող չկա: Ինչպես երևում է` Երևանի քաղաքապետարանում վերջին շրջանում փող կա միայն սեփական «թայֆային» պարգևատրելու և ֆինանսապես մոտիվացնելու համար: Իսկ երևանցիների խնդիրները պետք է լուծեն երևանցիները:

Հարց է առաջանում` այդ դեպքում քաղաքապետը և իր թիմը ինչի՞ համար են: Մի քանի ամիս առաջ, հասկանալով, որ գլխից մեծ խոստումներ է տվել, իսկ այլ կերպ ասած՝ նախընտրական պոպուլիզմով է զբաղվել, Մարությանը հայտարարեց, որ եթե փող լիներ՝ հիմա էլ կարող էին այդ հարցով զբաղվել: Տրամաբանական է, չէ՞, որ եթե քաղաքապետարանում կա գումար Քաղաքացու օրվա համար միլիոններ «ցփնելու», թաղապետերի աշխատավարձը պատգամավորների աշխատավարձից ավելի բարձր դարձնելու համար, ապա կգտնվեր մի քանի խղճուկ միլիոն՝ մահվան վերելակների խնդիրը լուծելու համար:

Ընդամենը օրեր առաջ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի բազմաբնակարան շենքի վերելակի չորս պարաններից մեկը պոկվել է, վերելակը սովորականից ավելի արագ իջել է առաջին հարկ: Վերելակում այդ պահին գտնվել է չորս անձ, որոնք վնասվածքներ չեն ստացել: Ինչպես ասում են՝ էժան են պրծել, սակայն կարող են լինել և լինում են բազմաթիվ այլ դեպքեր, որոնց վերջ տալու համար անհրաժեշտ է մի կողմ դնել շոումենին հարիր դատարկախոսությունը, հասկանալ, որ Երևանի քաղաքապետարանը ռիալիթի շոու չէ,այլ պատասխանատու աշխատանք, որն ինքը՝ Մարությանը ստանձնել է՝ ստանալով 80 տոկոս վստահության քվե: Հակառակ դեպքում՝ Մարությանի և իր թիմի վարկանիշը կարող է շատ արագ վայր սլանալ՝ կիսաքանդ վերելակի պես…