Այսօր առավոտյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում կիսվել էր արցախյան վերջին այցի տպավորություններով: Նա, մասնավորապես, գրել էր. «Մամուլում շատ է գրվում, թե ոմանք փորձում են Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ: Արցախյան վերջին այցից կիսեմ տպավորություններս. եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդն այն կդարձնի հեղափոխության օջախ»:

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն ասաց, որ վարչապետը մի առիթով կմեկնաբանի իր գրառումը, եթե ցանկանա փակագծեր բացել, իսկ թե նա ում և ինչ նկատի ունի` ինքը չի կարող մեկնաբանել: Հարցին, թե իշխանության դեմ պայքարող ուժերը կարո՞ղ են արդյոք հակահեղափոխական օջախ դարձնել Արցախը, պատգամավորը պատասխանեց. «Հայաստանում հակահեղափոխական ուժերը չեն կարող գլուխ բարձրացնել, որովհետև իշխանությունը ՀՀ քաղաքացին է: Հայաստանի քաղաքացին հետ է վերցրել Սահմանադրությամբ իրեն պատկանող իշխանությունը և հակահեղափոխական ուժերի ոչ մի ծրագիր չի կարող ունենալ իրենց ցանկալի արդյունքը»,-ասաց Արեն Մկրտչյանը:

Դիտարկմանը, որ վերջերս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ կմիանա իշխանության դեմ պայքարող ուժերին, սակայն չէր մանրամասնել թե ինչ կարգավիճակով. որպես իշխանական պատգամավոր` ի՞նչ է կարծում, կկարողանա՞ արդյոք Ռոբերտ Քոչարյանի և այլ հակահեղափոխական ուժերի միավորումը ինչ-որ կերպ ազդել կամ մարտահրավեր լինել նոր իշխանությանը, Արեն Մկրտչյանը պատասխանեց. «Երբ մենք ասում ենք, որ Հայաստանում իշխանության տերը ՀՀ քաղաքացին է, դա իսկապես այդպես է: Ամբողջ տրամաբանությունը նրանում է, որ մարտահրավեր նետելը Հայաստանի ժողովրդին` տանելու է տապալման ճանապարհով, լինի Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը թե այլ ուժեր. ««Իմ քայլը» դաշինքին որևէ կերպ չեն կարող մարտահրավեր նետել, որովհետև մենք չենք եկել աթոռներից պինդ բռնվելու և նախկինի նման մեր պաշտոնեական դիրքերն օգտագործելու համար: Երբ ժողովուրդը որոշի, որ մենք չպիտի լինենք Կառավարության շենքերում կամ Ազգային ժողովում` չենք լինի: Հայաստանի Հանրապետության ժողովրդին մարտահրավեր նետելը տապալվելու ուղիղ ճանապարհն է. խորհուրդ եմ տալիս՝ բախտները փորձեն»,-եզրափակեց պատգամավորը:

Սիլվի ՏԻԳՐԱՆՅԱՆ