Եվրասիական տնտեսական միությունում  նախագահող Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի նախաձեռնությամբ մայիսի 10-ին Գերմանիայում ՀՀ դեսպանությունում կայացել է հանդիպում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Նեչաևի (Сергей Нечаев), Բելառուսի դեսպան Դենիս Սիդորենկոյի (Денис Сидоренко), Ղազախստանի դեսպան Բոլատ Նուսուպովի (Болат Нусупов) և Ղրղզստանի դեսպան Էրինես Օտորբաևի (Еринес Оторбаев), ինչպես նաև դեսպանությունների տնտեսական հարցերով պատասխանատու դիվանագետների մասնակցությամբ։

ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից տեղեկացրին, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Գերմանիայի գործարար շրջանակների համար Եվրասիական տնտեսական միության շուկայի հնարավորությունների ներկայացմանը նվիրված համատեղ միջոցառում կազմակերպելու հեռանկարները։

Հանդիպման ընթացքում դեսպանները քննարկել են նաև ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանը, ինչպես նաև անդամ պետությունների միջև բազմակողմ այլ ձևաչափերում փոխգործակցությանն առնչվող հարցեր: