Փաստաթղթերի կորուստը հատուկ ծառայություններից՝ շատ արտառոց դեպք է և այդպիսի դեպք եղել է 90-ականներին, երբ որ էլի իշխանափոխություն տեղի ունեցավ Ղարաբաղ կոմիտեն եկավ իշխանության, նախկին ԿԳԲ-ի կառույցներից անհետացել էին գործակալական գործերը: Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին ԱԺ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն՝ անդրադառնալով  ԱԱԾ-ում անհետացած փաստաթղթերին և այն հարցին, թե հնարավո՞ր է, որ այդ փաստաթղթերն առնչություն ունենան Մարտի 1-ի գործի հետ: 

«Ով այդպիսի բան է նախաձեռնել, անհետևանք չի մնալու. կհայտնաբերվեն իրականացնողները, և եթե հնարավոր է՝ այդ փաստաթղթերի վերականգնման գործընթաց կսկսվի: Իսկ ինչ վերաբերվում է՝ ինչի՞ հետ առնչություն կունենա, կարող է Մարտի 1-ի հետ առնչություն ունի, կարող է՝ այլ բաների: Բայց որ դրանք անհետացել են, նշանակում է, որ մարդիկ կան, որոնք լուրջ անհանգստացել են ինչ-որ փաստաթղթերի գոյությամբ: Ի վերջո, մենք գիտենք, որ շատ բաներ կեղծվել են, և նաև անվտանգության աշխատակիցներն են մասնակից եղել այդպիսի կեղծիքներին, թեկուզ Մարտի 1-ի գործով: Ներքին գործերի նախարարությունն Ազգային անվտանգության գործակալական հաղորդագրությունների հիման վրա էր մարտի 1-ին պլանավորել առավոտյան գործողությունները, խոսքը ցուցարարների մոտ զենք-զինամթերք ունենալու փաստն էր, որը հետագայում նույն փաստահավաք խմբից հեռու պահել, երբ մենք ուզեցինք այդ փաստաթղթերին ծանոթանալ, գուցե այդպիսի հաղորդագրություններ են ոչնչացվել, գուցե այլ կարևոր փաստաթղթեր են»,-ասաց Քոչարյանը: