ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ Արագածոտնի մարզպետի մասին գրառմանը, որտեղ Մարուքյանը դիմել էր Լիլիթ Մակունցին՝ պատասխանի ակնկալիքով։

«Ի պատասխան պարոն Մարուքյանի գրառման՝ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանի կողմից տարիներ առաջ ակցիայի ընթացքում Ռուսաստանի Դաշնության դրոշը տրորելու վերաբերյալ.

1. Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանն այսօր ավելի ուշ մանրամասներ կներկայացնի ակցիայում տեղի ունեցածի վերաբերյալ եւ այն մասին՝ արդյոք այրվել է դրոշ, թե՝ ոչ, կամ տրորվել է դրոշ, թե՝ ոչ:

2. Հանրությանը տեղեկացնում եմ, որ պարոն Մարուքյանի կողմից մատնանշվող ակցիան առնչվում է տարիներ առաջ Պերմյակովի կողմից սպանված Ավետիսյանների ընտանիքին եւ դրան հաջորդող տարատեսակ ակցիաներին, որոնք անցկացվել են թե՛ Գյումրիում, թե՛ Երեւանում:

3. Հիշեցնում եմ, որ այդ ողբերգական սպանությանը հաջորդող տարբեր բնույթի ակցիաներին հաղորդակից եւ մասնակից է եղել ոչ միայն պարոն Գեւորգյանը, այլ գրեթե ողջ հայությունը: Եվ այն հոգեվիճակը, որն ունեինք բոլորս, մեզանից յուրաքանչյուրին որեւէ կերպ մասնակից է դարձրել առանձին ակցիաների, այդ թվում՝ մոմավառության:

4. Ինձ համար անհասկանալի է, թե ինչու է պարոն Մարուքյանն անդրադառնում այս թեմային, հիմա եւ ինչ նպատակ է հետապնդում: Եթե նպատակը հայ-ռուսական հարաբերություններում անվստահության սերմանումն է, ապա պիտի հիասթափեցնեմ պարոն Մարուքյանին այդ առումով զուր ջանքեր գործադրելու համար»,-գրել է նա։