Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր՝ մայիսի 14-ին, Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատը։

Դատական նիստն ուղեկցվում է ընդդեմ և ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի ակցիաներով։ Քոչարյանի դեմ ակցիայի մասնակից Հարություն Ֆարիշյանը պնդում է, որ տեսել է՝ Քոչարյանի աջակիցները անձնագրերը մեկ հոգու ձեռքում են։ Դա ենթադրությունների առիթ է տվել Ֆարիշյանին՝ մտածելու, որ Քոչարյանի աջակիցները ակցիան գումարի դիմաց են իրականացնում։

Երկրորդ նախագահի դեմ ակցիա իրականացնող խմբի անդամ Ջիվան Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Մեր նպատակն այն է, որ տպավորություն չլինի, թե ամբողջ ազգը աջակցում է Քոչարյանին։ Մենք եկել ենք ցույց տալու, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ուղղակի բարեկամական կապ ունեցող մարդիկ են։ Մարդիկ են, ովքեր ինչ-ինչ հանգամանքներից կամ շահերից ելնելով, եկել են պաշտպանելու նախկին նախագահին, որի ժամանակ կարողացել են միլիոններ դիզել։ Կարող եք անհատական հանել իրենց լուսանկարները և տեսնել՝ ով ինչով է զբաղված եղել։ Կան մարդիկ ովքեր եկել են ՔՊ-ից գործ են ուզել, չեն տվել։ Մարդիկ կան, ովքեր հեղափոխության մասնակից են եղել, ինչը նշանակում է, որ այդ մարդիկ ծախված են և դա միայն գումարով չի լինում»,- ասաց Աբրահամյանը։

Աբրահամյանը շեշտեց, որ իրենց խմբին զգուշացրել են չտրվել սադրանքներին, բայց եթե իրենց հարվածեն, իրենք կպատասխանեն։ Չնայած ակցիայի մասնակիցը վստահ է, որ ոստիկանությունը բախումներ թույլ չի տա։

Այս պահին շարունակվում են վիրավորական վանկարկումներն ու սպառնալիքները երկու կողմերից էլ։