ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի մշակած առաջին դասարանցիների դպրոց ընդունվելու հայտագրման համակարգում գրանցված 158 պետական դպրոցներից 17-ում ժամը 16:00-ի դրությամբ  արդեն իսկ սպառվել է արտոնագրված տեղերի քանակը: Դրանք են՝ Երևանի թիվ 171 հիմնական դպրոցը, որտեղ արտոնագրված 120 տեղերն էլ լրացվել են, Երևանի Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77 հիմնական դպրոցը, որտեղ 78 արտոնագրված տեղերից 78-ն էլ սպառվել են,  Ստեփան Զորյանի անվ. թիվ 56 հիմնական դպրոցը, որտեղ լրացվել են ազատ 113 տեղերը, Լև Տոլստոյի անվ. թիվ 128 դպրոցը՝ 65 տեղով,  Վ.Պետրոսյանի անվ. թիվ 51 դպրոցը՝ 143 տեղով, Նաիրի Զարյանի անվ. թիվ 130 հիմնական դպրոցը՝ 154 տեղով,  Երևանի Հ.Պողոսյանի անվան թիվ 82 հիմնական դպրոցը՝ 63 լրացված տեղով:

Երևանի Նիկոլ Աղբալյանի անվ. թիվ 19 հիմնական դպրոցում լրացվել է արտոնագրված 250 տեղ, Գուրգեն Մահարու  անվ. թիվ 176 հիմնական դպրոցում՝115  տեղ, Դանիել Վարուժանի անվ. թիվ 89 հիմնական դպրոցում արտոնագրված 175, Գագիկ Ստեփանյանի անվ. թիվ 135 հիմնական դպրոցի 163 արտոնագրված տեղերը ևս սպառվել են:

Երևանի Գևորգ Վարդանյանի անվ. թիվ 192 հիմնական դպրոցում 88 արտոնագրված տեղից լրացվել է  88-ը, Նելսոն Ստեփանյանի անվան  թիվ 71 հիմնական դպրոցում 95 տեղից 95-ը, Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի 88-ից 88-ը ևս լրացվել են:

Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8  և Ալեքսանդր Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցներում արտոնագրված թե տարրական դպրոցի առաջին դասարանի և թե ռուսերենի ուսուցման դասարանների բոլոր արտոնագրված տեղերը սպառվել են:

Երևան քաղաքի պետական հանրակրթական դպրոցներում 2019-2020 ուսումնական տարվա ընդունելության էլեկտրոնային գրանցման եղանակով առցանց համակարգը գործարկվել է 2019 թվականի մայիսի 15-ին` ժամը 09:00-ին:

Ավելի վաղ Երևանի պետական դպրոցներում առաջին դասարանցիների առցանց հերթագրման համակարգում բազմակի գրանցումների հետ կապված խնդիրներ  էին ծագել, որոնք արդեն լուծվել են:

Կրթության և գիտության նախարարությունից տեղեկացրել էին, որ էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի կենտրոնական հանգույցները ծանրաբեռնվածությամբ են աշխատում, այդ իսկ պատճառով բնակչության պետռեգիստրից քաղաքացիները ստացել են տարաբնույթ պատասխաններ, այն է՝ առկա է տարիքի անհամապատասխանություն, ծնող-երեխա կապ, մուտքագրված հանրային ծառայությունների համարանիշով տվյալներ չեն հայտնաբերվում:

Գերատեսչությունից տեղեկացնում են, որ եթե  հայտագրումը հաստատվել է, սակայն դեռ էլեկտրոնային նամակ չի եկել, ապա  անհանգստանալ պետք չէ, քանի որ երեխան հայտագրված է: Նամակը 2-3 օրվա ընթացքում կստացվի: