Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննության ժամանակ հրապարակվեց նաև Սերժ Սարգսյանի ցուցմունքներից որոշ դրվագներ։

2008 թվականի փետրվարի 23-ին հրավիրված խորհրդակցության հանգամանքները ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր ցուցմունքում նշում է, որ խորհրդակցությունը հրավիրել է Ռոբերտ Քոչարյանը, որին մասնակցել է զինված ուժերի բարձրաստիճան սպայական կազմը։

«Ընդհանուր նպատակն է եղել զինված ուժերի ղեկավար կազմին նախազգուշացնել, որ ցուցարարների ղեկավարներն այդ պրոցեսների մեջ են ներգրավում զինված ուժերի սպաներին, որ նրանց է միացել փոխնախարարներից մեկը և բանակցություններ են վարում մյուս փոխնախարարի հետ, որ նա էլ միանա իրենց, ուստի պետք է թույլ չտալ և կասեցնել այդ ամենը։ Եվ դա առիթ հանդիսացավ, որ ՀՀ նախագահը իրավացիորեն, հանձնարարական տվեց, որ կամ դիմում են գրում և դուրս են գալիս զինված ուժերի համակարգից և շարունակում են մնալ Երկրապահում, կամ էլ դիմում են գրում և դուրս են գալիս Երկրապահի շարքերից և կատարում են իրենց ծառայողական պարտականությունները»,- ցուցմունքում հայտնել է Սերժ Սարգսյանը։

Հարցին, թե ծանո՞թ է արդյոք Սերժ Սարգսյանը ՀՀ ՊՆ Միքայել Հարությունյանի 2008 թ.-ի փետրվարի 23-ին ստորագրած թիվ 0038 հույժ գաղտնի հրամանի բովանդակությանը՝ ՀՀ երրորդ նախագահն ասել է, որ այդպիսի հրաման չի տեսել, ծանոթ չի եղել։ Ծանոթ է այնքանով, որքանով մամուլում հրապարակվել է վերջերս։ Սերժ Սարգսյանն ավելացրել է, որ աղոտ հիշում է, որ դեռևս 2009 թ. պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության վարչության պետ Արմեն Սարգսյանը դատապարտվել է հիշյալ հրամանից քաղվածք հրապարակելու համար։ ՀՀ նախկին նախագահը հիշում է, որ այդ մասին խոսում էր նաև փաստահավաք խումբը, - «Սակայն այդ ժամանակ նշված հրամանն իմ ուշադրությանն առանձնապես չի արժանացել, որ մտածեմ, թե դա որևէ կապ ունի 2008 թ. հետընտրական իրադարձությունների հետ»։

Այնուհետև Սերժ Սարգսյանն իր ցումցունքում ասել է, որ զինված ուժերը զորանոցային կարգավիճակի բերելը որևէ կապ չունի ռազմական դրության հետ ու ավելացրել.

«Անկեղծ ասած, եթե ես էլ լինեի պաշտպանության նախարար, ապա ես էլ նման կերպ կվարվեի՝ հրաման կստորագրեի զորքը զորանոցային կարգավիճակի բերելու մասին։ Իմ կարծիքով, դա եղել է ամենաարդյունավետ միջոցը՝ զորքը հեռու պահելու քաղաքական ազդեցություններից, միջամտություններից»։