Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննության ժամանակ պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարեց, թե չկա որևէ արձանագրված կամ չարձանագրված դեպք, երբ Ռոբերտ Քոչարյանը խոչընդոտել է նախաքննությանը։

Նա նշեց, որ իր պաշտպանյալը փորձել է բուժման նպատակով գնալ Գերմանիա, սակայն նախաքննական մարմինն արգելել է․ «Այն դեպքում, երբ դա կարող էր Քոչարյանն անել առանց քննիչի թույլտվության։ Բայց մենք հարգելով պետական մարմիններին հարցրել էինք։ Գտնում ենք, որ պարոն Քոչարյանին կալանավորելու հիմքեր չկան»,-նշեց նա։

Նիստը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանն ասաց, թե այդ մասին մանրամասն խոսել է մյուս փաստաբանը, ուստի կարիք չկա նույնը կրկնելու։ Դատավորի դիտարկմանն արձագանեց Ռոբերտ Քոչարյանը․ «Ստիպված ենք այդպես անում, կան մարդիկ, որոնց մի 15 անգամ էլ որ ասես, մեկ է՝ չի մտնում»,- ասաց նա։

Փաստաբանն, անդրադառնալով նախագահի ինստիտուտի անձեռնմխելիության հարցին՝ նշեց, որ 300.1 հոդվածը (սահմանադրական կարգի տապալում) չի կարող կիրառվել 2008թ.-ին տեղի ունեցող արարքի նկատմամբ, և առնվազն 300.1 հոդվածով նախատեսված մի շարք արարքներ չեն կարող քննվել այս դատարանում, քանի որ կա նախագահական անձեռնմխելիություն։ Ըստ նրա՝ չկա որևէ հիմք պնդելու, որ 300.1 հոդվածն ինչ-որ ձևով պոկվել և առանձնացել է 300 հոդվածից։ «Չկա օրենք, չկա հանցագործություն»,-ասաց Արամ Օրբելյանը: 

«Նոր Հայաստանում ամեն ինչ այլ է»,-միջամտեց Ռոբերտ Քոչարյանը։