Անցնող մեկ տարվա ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարել է տասնյակից ավել միջազգային պաշտոնական այցեր, սակայն անգամ ինքը՝ վարչապետը, թերևս կդժվարանա պատասխանել այն հարցին, թե կոնկրետ ինչ գործնական արդյունք են տվել այդ այցերը Հայաստանի Հանրապետությանը և նրա հպարտ քաղաքացիներին: Վարչապետը հասցրել է լինել Բրյուսելում, Մոսկվայում, Ավստրիայում, Լյուքսեմբուրգում, Իրանում, Գերմանիայում, Վրաստանում, Չինաստանում և այլ երկրներում, սակայն ո՞ւր են այն կարևորագույն միջազգային պայմանագրերը, որոնք ստորագրվել են այդ այցերի ընթացքում: Չկան:
 
Որպես այդպիսին՝ մենք չունենք անգամ բանավոր համաձայնություն, որը հնարավոր կլիներ համարել ձեռքբերում: Փաշինյանի այցերը սպոնտանի տպավորություն են թողնում, գալչկայի համար, առանց օրակարգի: Իսկ հանդիպումների արդյունքները հանրությանը ներկայացվում են այնպես, ասես վարչապետը արտերկրում սարեր է շուռ տվել: Եթե համեմատելու լինենք Չինաստան կատարած պաշտոնական այցը 2015-ին Սերժ Սարգսյանի նույնատիպ այցի հետ, ապա պետք է փաստել, որ երրորդ նախագահը Պեկինից վերադարձել է 8 կարևորագույն պայմանագիր կնքած: Այդ ժամանակ էլ հենց Չինաստանը պատրաստակամություն է հայտնել ֆինանսավորել Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման մի մասը:
 
Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ չինացի պաշտոնյաները վերահաստատել են այդ պատրաստակամությունը, ինչը ներկայացվում է իբրև վարչապետի անձնական ձեռքբերում: Հասկանալի է, չէ՞, որ չինական կողմի պատրաստակամությունը դեռ ներդրումների երաշխիք չէ, և հայկական կողմը ևս պետք է ջանքեր գործադրի գործընկերների օբյեկտիվ մտահոգությունները փարատելու համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել նաև բիզնեսի ոլորտում և ի դեպ՝ ոչ դեպի լավը:
 
Փաշինյանն այսօր կարող է հպարտանալ միայն Պեկինում համտեսած բադով, մինչդեռ սպասումները շատ ավելի շատ էին: Նման ձախողումներն ունեն պատճառ և այդ պատճառը Փաշինյանի սիրախաղն է թե՛ ռուսական կողմի, թե՛ Արևմուտքի հետ: Միանգամից երկու աթոռին նստելու՝ Փաշինյանի այս ցանկությունը հանգեցրել է ՀԱՊԿ գործընկերների հետ ընթրիքի սեղանի անկյունում, իսկ ԵՄ գործընկերների հետ ընդհանուր լուսանկարի հետին պլանում հայտնվելուն…