Այսօր Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի գործով ելույթ ունեցավ դատարանում:

Նա իր ելույթի կեսից հորդորեց դատարանին, որ լրագրողներին մի պահ դուրս հրավիրեն, որովհետեւ կարեւոր բան ունի ասելու, որը հրապարակման ենթակա չէ: Հետո պաշտպաններն ասացին, որ այդ մի հատվածին հետո անդրադառնա:

Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց. «Արցախի հանրապետությունից մեկ մարդ զինված ուժերից չի բերվել՝ այդ միջոցառումներին մասնակցելու համար: Չի՛ բերվել: Հետո կբացատրեմ ինչի մասին է խոսքը: Ապօրինի ներգրավումը իրականությանը մեղմ ասած չի համապատասխանում: Եթե իրենք գոնե գործի նյութերին ծանոթ լինեին, նման բան չէին ասի: Եթե ՀՀ դատախազությունը չի տիրապետում ՀՀ ՊՆ կառուցվածքը, էլ ի՞նչ, ասելու բան չունեմ»:

Քոչարյանի խոսքով՝ անվտանգության դրույթը յուրովի են մեկնաբանում ու փակ դռների հետեւում կպարզաբանի, թե ինչի մասին է խոսքը. «Մեղադրանքում երկու տեղ գրված է՝ իր մտերիմ Սերժ Սարգսյանին ամեն գնով իշխանությունը հանձնելու նպատակը: Շեշտում են երկու տեղ: Մի տեղ՝ փոխանցել, մի տեղ՝ իշխանությունը հանձնել: Հարգելի՛ դատարան, Սահմանադրության 50 հոդվածով ՀՀ նախագահը ընտրվում է ՀՀ քաղաքացիների կողմից 5 տարի ժամկետով, սա նշանակում է, որ իմ լիազորությունները 5 տարին լրանալուց հետո ավարտվում են: ՀՀ նախագահը իր պաշտոնը ստանձնում է ՀՀ նախորդ նախագահի լիազորությունների ավարտման օրը: Եվ հաջորդ կետը՝ ՀՀ նախագահը պաշտոնը ստանձնում է ԱԺ հատուկ նիստում: Ես չգիտեմ ինչի՞ց են դատախազությունը որոշել, ո՞ր օրենքների վրա հիմնվելով, որ ես հանձնում եմ իշխանությունը ինչ-որ մեկին: Ես իշխանությունը չեմ հանձնում, ժամկետը լրանում է…Ինձնից կախված չէր՝ Սերժ Սարգսյանը կստանձնե՞ր իշխանությունը, թե՞ չէր ստանձնի: ԱԺ նախագահը պիտի լիազորությունները կատարեր, եթե չստանձնելր եւ միայն հատուկ նիստում կարող էր ՀՀ ընտրված նախագահը ստանձներ իր պաշտոնը, ոչ թե ինձնից: Այդ նույն ԱԺ-ում Սերժ Սարգսյանն ուներ մեծամասնություն: Այս ձեւակերպումները անլրջության աստիճանի են հասնում, սա ցույց է տալիս մի բան՝ ամեն կերպ ձեւավորել գործիք, որովհետեւ հանցագործությունը առանց գործիք չի լինում՝ բա ինչի՞ համար է Քոչարյանը տապալում սահմանադրական կարգը՝ որ իր մտերիմ Սերժ Սարգսյանը ստանձնի իշխանությունը: Պայուսակ էր, սենց հետս ձեռքս ման եմ տալիս իշխանությունը, հանձնում եմ Սերժին, ինքը ընդունում է, անմիջապես դառնում է ՀՀ նախագահ, լավ էս աստիճանի զավեշտության հասցնելը չեմ կարծում, որ նման գործում եւ նման մեղադրականի մեջ պետք է լինի»