ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում հայկական կողմի դիրքորոշումը փոփոխություն չի կրել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովի հայտարարությանը։

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը լինի Հայաստանից, թե մեր գործընկեր երկրներից, պետք է մեզ հետ աշխատի, ուստի միանգամայն տրամաբանական է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պետք է բոլոր երկրների համաձայնությունն ունենա, այդ առումով որեւէ փոփոխություն մեր դիրքորոշման մեջ չկա»,- նշեց նա՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է մայիսի 22-ին առանց Հայաստանի համաձայնության գլխավոր քարտուղարի պաշտոնում հաստատվի բելառուսական կողմի ներկայացուցիչը։

Պարզաբանման նպատակով կապ հաստատեցինք ՀԱՊԿ մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովի հետ, որը հայտնեց, որ գտվում է արձակուրդում եւ խնդրեց իրեն զանգահարել երկուշաբթի օրը։

Հիշեցնենք, որ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, բելառուսական ԲԵԼՏԱ–ի փոխանցմամբ, նշել էր, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի նշանակման հարցը կորոշվի մայիսի 22-ին Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում։ Ըստ Վալերի Սեմերիկովի՝ կքննարկվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցչի՝ Անվտանգութան խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի նշանակման հարցը։ Նա հիշեցրել է, որ Բելառուսի հերթը՝ զբաղեցնելու այդ պաշտոնը, հասնում է հաջորդ տարվա հունվարի 1-ից։ «Այսօր այդ պաշտոնը պետք է զբաղեցներ Հայաստանի ներկայացուցիչը, բայց ֆորս-մաժոր տեղի ունեցավ։ Կարծում եմ, մայիսի 22-ին կընդունվի նշանակման վերաբերյալ վերջնական որոշում։ Մենք մեկ թեկնածություն ենք ներկայացնելու համաձայնեցման, եւ շատ նախագահներ հավանություն են տվել։ Մենք այդ հարցը կքննարկենք առարկայորեն եւ կոնկրետ»,- նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը։