Ավան և Նոր Նորք վարչաական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց շարունակվում է բողոքի ակցիան։ Այստեղ են իմքայլական մի քանի պատգամավորներ՝ Նարեկ Զեյնալյանը, Հայկ Կոնջորյանը, Մխիթար Հայրապետյանը, Տաթևիկ Հայրապետյանը։ Վերջինս լրագրողների հետ զրույցում ասաց, որ որոշել է միանալ դատարանի դիմաց գտնվող մարդկանց, ովքեր իրենց բողոքն են հայտնում դատական իշխանության հանդեպ։ Անդրադառնալով առաջացած պատճառներին Հայրապետյանն ասաց. «Կարծում եմ պատճառները քանիցս էին և, ըստ էության, հենց նոր, երբ քայլում էինք ժողովրդի մեջ, մեզ մեղադրում էին, որ մենք դանդաղել ենք, պետք է ավելի կոշտ լինեինք։ Բայց ես կարծում եմ, որ ամեն ինչ պետք է լինի օրինականության սահմաններում։ Կարծում եմ մեր պարտավորությունն է այստեղ լինել, որպես օրենսդիրներ և մարդիկ, ովքեր ընտրվել են քաղաքացիների կողմից»։

Հայրաետյանը նշեց, որ չի կարծում, թե իրենց ներկայությունը կարող է դիտարկվել, որպես ճնշում։ «Բողոքի ակցիա է, որին մասնակցում են քաղաքացիները և հնարավոր պրովոկացիաներից խուսափելու համար ոստիկաններից բացի անհրաժեշտ է օրենսդիր մարմնի ներկայացուցիչները»։ Հայրապետյանը նշեց, որ ապրում ենք ժողովրդավար երկրում և նորմալ է վերաբերվում քննադատություններին։ Պատգամավորը հրաժարվեց մեկնաբանություններ տալ և հորդորեց սպասել վարչապետի ելույթին։