ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով վարույթը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան ուղարկելու որոշումը Մարտի 1-ի տուժողների անունից բողոքարկվելու է անմիջապես այն ստացվելուց՝ առաջին հերթին տուժողների մասնակցային իրավունքի շարունակական խախտումների հիմքով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը:

«Այս որոշումը վստահորդներիս անունից բողոքարկվելու է անմիջապես այն ստացվելուց՝ առաջին հերթին տուժողների մասնակցային իրավունքի շարունակական խախտումների հիմքով»,-նշել է Վահե Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանն անսպասելի որոշում է կայացրել։ Դատարանի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը կասեցվել է եւ ուղարկվել Սահմանադրական դատարան:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Յուրի Խաչատուրովը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը մայիսի 18-ին փոխվեց եւ նա անձնական երաշխավորությամբ ազատ արձակվեց։