Մայիսի 20-ին աշխատանքային այցով Ուկրաինայում գտնվող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ընդունել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:Այս մասին հայտնում է Տիգրան Ավինյանի գրասենյակը։

Շնորհավորելով նորընտիր նախագահին՝ Տիգրան Ավինյանը վերջինիս է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ բարեմաղթանքները:

Զրույցի ընթացքում Ուկրաինայի նախագահը եւ ՀՀ փոխվարչապետը անդրադարձ են կատարել հայ-ուկրաինական երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ միաժամանակ կարեւորելով երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացումը: Երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերի համատեքստում կողմերը քննարկել են հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի գործունեության վերսկսման հետ կապված հարցեր:

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում երկու երկրներում հանրային կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ: