ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերջին 1 տարում իրականացրած սահմանային հսկողության ժամանակ արձանագրել է Հայաստան ապրանքների ներմուծումը կասեցնելու 11 դեպք:

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

«Ներմուծման կասեցնելու դեպքերը հիմնականում եղել են փաստաթղթային անհամապատասխանության պատճառով: 3 դեպքում լաբորատոր փորձաքննության արդյունքում ի հայտ է եկել վտանգավոր սննդամթերք, որոնց ներմուծումն արգելվել է»,- նշեց Ավետիսյանը:

Նրա խոսքով` դրանք եղել են Իրանի Իսլամական Հանրապետությունից բերված ծիրան և նեկտարին (հայտնաբերվել են կարանտին համարվող սալորի օսպա հիվանդությանը բնորոշ ախտանիշներ), լոլիկ (հայտնաբերվել են կարանտին համարվող ցեցի կենդանի թրթուրներ և վնասված լոլիկներ) և ելակ (հայտնաբերվել են կարանտին համարվող արևմտյան ծաղկային թրիփսի կենդանի առանձնյակներ):