«Եթե մենք հանրահավաք ենք գումարում, նշանակում է՝ երկրում մի բան այն չէ»,- այսօր Ազատության հրապարակում իր ելույթում հայտարարեց ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը։ 

Նրա խոսքով՝ այս հանրահավաքի նպատակն է՝ ահազանգել իշխանություններին, որ այսպես շարունակել չի կարելի.

«Մենք ընդհուպ մոտեցել ենք անշրջելիության կետին, այն կետին, որից հետո կորուստներն անդառնալի են լինում։ Իշխանությունների վարած քաղաքականությունը ոչ միայն համահունչ չէ ժողովրդի սպասումներին, այլև առաջացնում է նոր վտանգներ և կուտակում է նոր խնդիրներ։ Սա մի սպառնալիք է, որն այս ինքնահավան ու ինքնագոհ իշխանությունը չի զգում ու չի էլ պատրաստվում դրա դեմն առնել»։

Ռուստամյանի խոսքով համաժողովրդական շարժումը վաղուց չունի իր սկզբնական թափը։ Քաղաքական գործիչը եզրակացրեց՝ դա տեղի է ունեցել այն պատճառով, որ շարժման առաջնորդը շարժումը սկսում է փոխարինել իրենով.

«Արդյունքում առաջ-առաջ գոռալով հետ ենք գնում անընդհատ, քանզի կրկին վերադառնում ենք միանձնյա ու միահեծան կառավարմանը, մենիշխանությանը, բայց այս անգամ՝ իբրև թե ժողովրդի կամքով ու պահանջով։ Հասել ենք այնտեղ, որ արդեն պարբերաբար ժողովրդի անունով կարելի է տապալել սահմանադրական կարգը, շրջանցել օրենքներն ու կասեցնել ցանկացած պետական մարմնի լիազորություն։ Սա գուժում է սահմանադրական պետության վերջի մասին։ Հենց այս դեպքերի համար է ժողովուրդն ասում՝ «մրից հելանք, մրջուրն ընկանք» »։

Արմեն Ռուստամյանն իր ելույթում հորդորեց իշխանություններին լրջանալ, ստանձնել իրենց բաժին հանձնառությունը, իրականացնել ծրագրային բարեփոխումներ, հակառակ դեպքում դեղին քարտերը կարմիր կդառնան։