Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի եւ Արեւելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի նախագահությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի հանրային կառավարման ոլորտի վերաբերյալ ՍԻԳՄԱ-ի կողմից մշակված ելակետային գնահատման զեկույցի ներկայացումը: Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։

Միջոցառմանը ներկա էին ինչպես Կառավարության տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, այնպես էլ ՀՀ-ում միջազգային կազմակերպությունների եւ դիվանագիտական ներկայացուցիչությունների ղեկավարներ:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել զեկույցի մշակման գործընթացում ներգրավված բոլոր փորձագետներին կատարված աշխատանքի համար եւ բարձր գնահատել զեկույցի շրջանակներում արված ուսումնասիրություններն ու դրանց արդյունքները: Փոխվարչապետը նշել է, որ զեկույցը հիմք կհանդիսանա հանրային կառավարման ոլորտում բարեփոխումների ռազմավարության մշակման համար:

Մհեր Գրիգորյանը միջոցառման մասնակիցներին ներկայացրել է հանրային կառավարման ոլորտում նախանշված բարեփոխումների օրակարգն ու տրամաբանությունը եւ ընդգծել, որ դրանց իրականացման հարցում Կառավարությունն ակնկալում է համագործակցել զարգացման գործընկերների հետ՝ կարեւորելով նրանց փորձագիտական ներուժն ու լավագույն փորձը:

Վասիլիս Մարագոսը ողջունել է զեկույցի մշակման ընթացքում Հայաստանի Կառավարության հետ ունեցած գերազանց համագործակցությունը ինչպես նաեւ ՍԻԳՄԱ-ի խորհրդատվություններին արձագանքելու պատրաստակամությունը: Նա շեշտել է, որ Հայաստանի կառավարությունն ունի այժմ յուրահատուկ հնարավորություն ՍԻԳՄԱ-ի գնահատման արդյունքում արված առաջարկները դիտարկելու քաղաքացիակենտրոն հանրային կառավարման համակարգի ձեւավորման շրջանակներում: ԵՄ-ն պատրաստակամ է հետագա աջակցությունը ցուցաբերելու ոչ միայն ՍԻԳՄԱ-ի այլեւ ԵՄ այլ ֆինանսական գործիքների միջոցով:

Միջոցառման ընթացքում ՍԻԳՄԱ-ի ներկայացուցիչները հակիրճ ներկայացրել են զեկույցի հիմնական վեց բաժինները, Հայաստանի հանրային կառավարման ոլորտում բացահայտված թերություններն ու դրանց շտկման վերաբերյալ խորհրդատվությունները:

Հանդիպման ավարտին փոխվարչապետը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին, մասնավորապես, հանրային ծառայությանը, Հայաստանում դրանց առանձնահատկություններին եւ ոլորտի ռազմավարության մշակմանը: