Ամերիկայի քաղաքացիական ազատությունների հեղինակավոր միությունը (ACLU) հայտարարել է, որ աբորտն արգելող օրենքի պատճառով դատի է տալիս  Ալաբամա նահանգի իշխանություններին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հայցին միացել է երկրում աբորտների խոշորագույն կատարողը՝ Ընտանիքի պլանավորման ամերիկյան դաշնությունը:

«Մենք մարտահրավեր ենք նետում օրենքին, որը գրեթե բոլոր դեպքերում արգելում է աբորտները եւ ծառայությունների մատուցման համար պատժում է բժիշկներին  մինչեւ 99 տարի ժամկետով», -նշվում է հայտարարությունում:

 ACLU հաշվարկով՝ սա այս տարի արդեն 5-րդ օրենքն է, որը փաստացի արգելում է աբորտը. համապատսխան օրենքներն ընդունել են Քենթուքին, Ջորջիան, Օհայոն եւ Միսիսիպին, արգելքը սպասվում է նաեւ Միսուրիում:

Իրավապաշտպանների հայտարարության համաձայն՝ մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը Ալաբամայում աբորտները դեռեւս օրինական  են:

«Տվյալ հայցով մենք ձգտում ենք հասնել դատարանի կարգադրության, որը կապահովվի, որ այս օրենքը երբեք ուժի մեջ չտմնի», -պարզաբանել է ACLU գործադիր տնօրեն Ռենդալ Մարշալը:

Մայիսին Ալաբամայի նահանգապետի կողմից ստորագրված օրենքը պետք է ուժի մեջ մտնի կես տարուց, եթե դրա կատարումը դատարանը չարգելափակի:

ԱՄՆ-ում աբորտները թույլատրված են դաշնության մակարդակով: Համապատասխան պատմական որոշումն ընդունվել է 1973 թվականին: