ՀՀ ՊՆ զինված ուժերի իրային ծառայությունում իրականացվել են մի շարք փոփոխություններ և նորամուծություններ՝ նոր տեսակի շապիկներ, կիսավարտիքներ, ձեռքի օճառներ և այլն:

ՀՀ ՊՆ-ն լրագրողների համար կազմակերպել էր պրես տուր, որի ժամանակ ցուցադրվեցին ՀՀ ԶՈւ-ում շահագործվող համազգեստը, հանդերձանքը, հիգիենիկ պարագաներն ու տեխնիկական միջոցները:

Լրագրողների հետ զրույցում ՀՀ ԶՈՒ թիկունքի իրային ծառայության պետ, գնդապետ Վահան Պապյանը սկզբում ներկայացրեց հայկական արտադրության պարագաներն ու հանդերձանքը:

«2019 թվականից սկսած նախկին ձեռքի օճառները փոխարինել ենք այլ որակի օճառներով, որոնք 3 տիպի են՝ ելակի, կիտրոնի և շուտով նաև յասամանի բույրով: Հայաստանում արդեն իսկ արտադրվում են տափաշշերը, ճաշամանները, շապիկները, կիսավարտիքներն ու անկողնային պարագաները»,- ասաց Պապյանը և հավելեց, որ տեղական են նաև հողաթափերն ու ճտքավոր կոշիկները: Վերջիններն այս պահին արտադրվում են 2 տեսակի և դեռևս գտնվում են զորային փորձարկման փուլում:

Գնդապետը շեշտեց, որ նախկինում ճտքավոր կոշիկների տակացուն ամրացվում էր մեխերով, իսկ այժմ մի տեսակն ամրացվում է բարձր ճնշման սոսնձման եղանակով, իսկ մյուսը՝ ձուլման: Այս պահին տարբեր զորամասերում, տարբեր բնակլիմայական պայմաններում դրանք փորձարկվում են, ինչի արդյունքում հնարավոր է դառնում պարզել ճտքավոր կոշիկների թերություններն ու առավելությունները:

«Զինծառայողներին ապահովում ենք նաև կոշկեղենի լրացուցիչ ներդիրներով՝ ձմեռային և ամառային սեզոնների համար, որպեսզի հարկ եղած դեպքում հնարավորություն ունենան փոխելու: Եթե զինծառայողն ունենա ոտնաթաթի խնդիր, ապա ներդիրները բավականին հարմարավետ կդարձնեն նրա քայլքը: Մաշվելուց հետո տրվում են լրացուցիչ ներդիրներ»,- ասաց Պապյանը:

Լրագրողներին ներկայացվեցին նաև զորանոցային հողաթափերը, որոնք բավականին ամուր էին և թեթև: ՀՀ ԶՈՒ թիկունքի իրային ծառայության պետն ընդգծեց, որ դրանք նոր չեն, ուղղակի զինծառայողների հարմարավետության համար դիզայնն է մի փոքր փոփոխված: Նախատեսված են երեկոյան ժամերի, ինչպես նաև լոգարան գնալու համար:

 

 

«Զինծառայողներին տրամադրվում է նաև 3 տիպի գուլպա՝ բամբակյա, կիսաբրդյա և բարձրլեռնային պայմաններում մարտական հերթապահություն իրականացնելու համար: Այս տարի նախատեսում ենք ձեռք բերել 2 տեսակի գուլպա, սակայն ավելի բարձր որակի՝ բամբակի և նեյլոնի բաղադրությամբ՝ կիսաբրդյա  և բամբակյա»,- նշեց գնդապետը, և անդրադառնալով ներքնազգեստին, ասաց, որ շապիկները նոր են և բաղկացած են 65 տոկոս բամբակից, 35 պոլիեսթերից, որպեսզի երանգը չփոխվի: Բացի այդ, շոգ եղանակային պայմաններում զինծառայողները մարտական հենակետերում արդեն կարող են անմիջապես շապիկի վրայից կրել իրենց զրահաբաճկոններն ու իրականացնել մարտական հերթապահություն: Կիսավարտիքները նույնպես նոր են, որոնք 95 տոկոսով բամբակյա են և 5 տոկոսով լայկրայից:

Նորություններից և հայկական արտադրությունից Պապյանը ներկայացրեց նաև տափաշշերը, որոնք պատրաստված են սննդային պլաստմասայից: Դրանք դեռևս օգտագործման մեջ չեն դրվել՝ 2 տարի անց դուրս կգրվեն և կտրամադրվեն զինծառայողներին:

«Հայաստանում արտադրվում են նաև ալյումինե ճաշամաններ, որոնք ներսից պատված են վազելինով, շատ նման են ռուսական ճաշամաններին, սակայն մենք նախապատվությունը տալիս ենք տեղական արտադրությանը»,- շեշտեց ՀՀ ԶՈՒ թիկունքի իրային ծառայության պետը:

Անկողնային պարագաները նույնպես արտադրվում են ՀՀ-ում, ինչպես նաև սրբիչներն ու քնապարկերը:

«Քնապարկերը, որոնց մեջ սպունգ է՝ նախատեսված են միայն մարտական հենակետերում ժամանակավոր կացարանները կահավորելու համար: Սինդիպոնե բարձերն ու բամբակյա ներքնակներն էլ նախատեսված են ստացիոնար պայմաններում ծառայող անձնակազմի քնելու համար»,- ասաց գնդապետը:  

Փոփոխության չեն ենթարկվել ձմեռային համազգեստն ու գլխարկները:

 

 

Անդրադառնալով ներկրվող իրերին՝ Պապյանն ասաց, որ դրանք դեռևս բանակային «վալենկաներն» են, ուսապարկերը, գոտիներն ու ոչխարի մորթիով բաճկոնները:

«Բարձ լեռնային պայմաններում տրվում են բանակային «վալենկաներ», որոնք նախկինում եղել են առանց տակացուների: Այժմ ձուլման մեթոդով տակացուներ են ամրացվում, որոնք ռետինից են և բավականին դիմացկուն: Ձյան և ցեխային պայմաններում դրանցով հնարավոր կլինի աշխատել, չեն մաշվի: Բարձ լեռնային պայմաններում զինծառայողներին հատկացվում են նաև ոչխարի մորթիով բաճկոններ, որոնցով հնարավոր կլինի դիմանալ անգամ 50 աստիճան ցրտին»,- նշեց ՀՀ ԶՈՒ թիկունքի իրային ծառայության պետը և ավելացրեց, որ ուսապարկերն  արդեն դարձել են գունաքողարկված՝ դաշտային համազգեստի գույներով:

 

 

Շատ աշխատանքներ են տարվել համազգեստի կտորի որակի վրա, տեխնիկական բնութագիրն ավելի է խստացվել, ռեակտիվ եղանակով է (լազերով) ներկվում, ինչն էլ նպաստում է ավելի ուշ գունաթափվելուն: Մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին դաշտային համազգեստը և ճտքավոր կոշիկները տրվում են 6 ամիս կրման ժամկետով, իսկ մարտական հերթապահություն չիրականացնող զորամասի զինծառայողներին 8 ամիս: Ներքնաշորերը տրվում են 2 ձմեռային սեզոնի համար՝ մոտ 8 ամսվա: