Փարիզի դատածազության հակաահաբեկչական ստորաբաժանումը միացել է ուրբաթ Լիոնում տեղի ունեցած պայթյունի հետաքննությանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով AFP-ին:

Նրա տվյալներով՝ դեպքի վայր է ժամանել Փարիզի դատախազ Ռեմի Էյթզը, Լիոնի քաղաքապետ Դավիդ Կիմելֆելդը եւ նահանգապետ Օվերն Ռոնա Ալպին: Երկրի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները հայտնել է, որ հետեւում է պայթյունի շուրջ դեպքերի ընթացքին:

Ներկայումս դեպքի վայրում աշխատում են սակրավորները, որոնք ուսումնասիրում են շրջանը պայթուցիկ հայտնաբերելու հավանականության առնչությամբ: Վիկտոր Հյուգոյի եւ Սալ փողոցների խաչմերուկը եւ դրա շրջակայքը հսկվում է զինվորների կողմից, որոնք մասնակցում են Sentinelle հակաահաբեկչական գործողություններին:

Պայթյունը որոտացել է ուրբաթ Լիոնի կենտրոնում՝ Վիկտոր Հյուգո եւ Սալ փողոցների խաչմերուկում: BFMTV հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ոստիկանությունն արդեն հետաքննում է դեպքը սպանության փորձ կատարելու հատկանիշներով: Հեռուստաալիքի տվյալներով՝ տուժել է առնվազն 13 մարդ:

Քննիչները հակված են վարկածին, որ պայթյունի համար կիրառվել է ինքնաշեն պայթուցիկ սարք, որում եղել են մեխեր եւ հեղույսներ (բոլտ): Մոտակա խանութների տեսախցիկները գրանցել են՝ ինչպես է 30-35 տարեկան տղամարդը հեծանիվով մոտեցել հացի փռին տեղական ժամանակով 17:30-ի շրջանում եւ թողել այնտեղ կապոց: Նշվում է, որ նրա դեմքը ծածկված էր գլխարկով եւ մուգ ակնոցով: