Օրվա թոփ թեման Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականն էր։ Այսօր՝  Վերջին զանգի օրը, պատկերավոր ասած, հնչեց նաև Գագիկ Հարությունյանի պաշտոնի «հրաժեշտի ձայնը»։ «Նկատի ունենալով դատական իշխանության և դատավորների առնչությամբ ընթացող զարգացումները և այդ առիթով մայիսի 20-ին մամուլով իմ կողմից արտահայտած մտահոգությունները՝ այլևս նպատակահարմար չեմ համարում իմ հետագա աշխատանքը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և Խորհրդի անդամի կարգավիճակներում»,- ասված է դիմումի մեջ։ 

Թերևս սա վերջին օրերի ամենաշատ քննարկված՝ վեթինգի սկիզբն էր, որի մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ 2-րդ նախագահի խափանման միջոցի փոփոխությունից և ազատ արձակվելուց հետո։ Ինչպես ասում են՝ Գագիկ Հարությունյանը «ինքնավեթինգվեց», հատկապես, որ երեկ ԲԴԽ շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ պահանջում էին նրա հրաժարականը։

Այս առիթով համացանցում սկսեցին քննարկումներ ու զավեշտալի գրառումներ կատարել։ Ոմանք նշում էին, որ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը միևնույն է անպարտելի, քանի որ նա և Գագիկ Հարությունյանը համարվում էին մրցակիցներ՝ որպես պաշտոններում երկարակյացներ։

Օգտատերերը հիշել էին ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, որը պաշտոնին հրաժեշտ տալիս դատախազության դուռն էր համբուրել։ «Ի տարբերություն Աղվան Հովսեփյանի Գագիկ Հարությունյանի դեպքում ոչ թե ինքն ա հեռանալուց դուռ համբուրելու, այլ դուռն ա իրան համբուրելու, ես կասեի նույնիսկ դռները»,- գրել էր օգտատերերից մեկը։

Քննարկումների թիրախում էր հայտնվել նաև Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասնյանը, ում զանգն, ըստ օգտատերերի, ևս պետք է հնչեր։ 

Ի դեպ, այսօր Գագիկ Հարությունյանից հետո ազատման դիմում էր ներկայացրել նաև նրա եղբայրը՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արզուման Հարությունյանը։

Ասել է, թե Հարությունյանների մոտ ընտանեկան «վիպուսկնոյ» է լինելու․ «Ու հնչե՜ց զանգը, հնչե՛ց, ու հնչեց վերջին անգա՜մ, վերջի՛ն դիմումներով, փոքր-ինչ թաց աչքերով։ Բայց ինչ արած պիտի գնա՛ք, մնաք բարով»։