Նոր խորհրդարանից Հայաստանում սպասումները շատ էին: Հատկապես որակի և բովանդակության տեսանկյունից Հայաստանի հպարտ քաղաքացիները ցանկանում էին տեսնել ակնհայտ տարբերություն այս և նախորդ գումարման խորհրդարանների միջև: Ասել, որ տարբերություն, մեղմ ասած, չկա, նշանակում է ոչինչ չասել: Երբ խորհրդարանը նոր էր ձևավորվել, երիտասարդ պատգամավորներից հաճախ կարելի էր լսել այն մասին, թե ինչպես են իրենք պատրաստվում հարկ եղած դեպքում ընդդիմանալ կառավարությանը, լինել ակտիվ և նախաձեռնող: Ավելին, նոր սերնդի երեսփոխանները երդվում էին պարբերաբար հաշվետու լինել հանրության առջև իրենց բուռն օրենսդրական գործունեության մասով:
 
Անցել են ամիսներ, իսկ բուռն օրենսդրական գործունեությունը, էլ չենք ասում՝ հաշվետվությունը, չկան ու չկան: Պատճառը թերևս մեկն է, և այն ակնհայտ է: Այս խորհրդարանում, հատկապես իշխող քաղաքական ուժը մատնված է պարապուրդի և հանդիսանում է գործադիրի կցորդը: Ի պատիվ նրանց՝ պետք է ասել, որ անչափ ջանասիրաբար են փորձում աշխատանքի իմիտացիա ստեղծել: Օրինակ, կարող են զանազան պաշտոնյաների հրավիրել խորհրդարան՝ «ատչոտ» ստանալու համար, կամ կարող են նույնիսկ օրենսդրական նախագծեր մշակել: Այդ մշակված սակավաթիվ օրենսդրական նախաձեռնություններից, սակայն, այնպիսի պատվերի հոտ է գալիս, որ նույնիսկ իրենք՝ պատգամավորները չեն կարողանում հերքել, որ այո՛, իրենց ներկայացրած օրենքը սպասարկելու է այն անձանց կամ խմբերի շահերը, որոնց սպասարկում են հենց իրենք, ինչպես ասում են՝ ձեռի հետ: Փող է ՝ թող լինի:
 
Մնացած մյուս օրենսդրական նախաձեռնությունները գալիս են կառավարությունից: Օրինակ՝ կառավարությունից են եկել հարկային փոփոխությունների նախագիծը, քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, տույժերի համաներումը, պետգույքի մասնավորեցման ծրագիրը, կառավարության կառուցվածքի նախագիծը: Անգամ ԱԺ կանոնակարգում փոփոխությունները առաջարկվել են կառավարության կողմից:
 
Ինչ վերաբերում է խորհրդարանին, ապա այս խորհրդանում իշխող քաղաքական մեծամասնությունը ոչնչով, ըստ էության, չի տարբերվում մերժված ՀՀԿ-ից: Դակում են այն, ինչ ուղարկում են…