Բնապահպանության փոխնախարար Այսեր Ղազարյանն օրեր առաջ հրաժարական տվեց իր զբաղեցրած պաշտոնից: Ղազարյանի մեկնաբանմամբ բնապահպանության ոլորտում ընթացող գործողությունները չեն համապատասխանում իր սկզբունքներին: Հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում Ղազարյանը խոսել էր համակարգում մի շարք խնդիրների մասին, որոնցից մեկը Սևանա լճից ապօրինի սիգա ձկան որսը և վաճառքն էր:
Armdaily.am-ի հետ զրույցում բնապահպան, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարող խորհրդի անդամ Սիլվա Ադամյանը նշեց, որ Սևանի շուրջ շատ խնդիրներ կան.«Սիգի որսի համար շահագրգռվածություն կա տեղի բնակչության կողմից և իմ կարծիքով պահածոները հենց իրենք են արտադրում: Այս մասին տեղյակ են և՛ պետությունը, և՛ Բնապահպանության նախարարությունը, և՛ տեսչական մարմինը»: Ադամյանի խոսքերով նախկին տեսչական մարմնի ղեկավարի օրոք մեծ քանակությամբ ռեյդեր էր արվել.«Մեծ քանակությամբ որսված ձկներ տրվել էին մանկապարտեզների, որպեսզի դրանք իզուր չկորեին»:

Բնապահպանի խոսքերով՝ այն սոցիալական խնդիրները, որոնք կանգնած են Հայաստանի առաջ, ոչ մի տեղ չեն կարող փախչել.«Եվ ես կարծում եմ, որ այս սոցիալական խնդիրների պատճառով է, որ Բնապահպանության նախարարությունը և տեսչական մարմինները մի փոքր փորձում են ավելի լոյալ լինել»:

Մեր այն դիտարկմանը՝ճիշտ չէր լինի՞ հստակ թիվ սահմանել որսի համար, որպեսզի այսպիսի խնդիրներ չառաջանային, բնապահպանն ասաց.«Այո,դա պետք է լինի: Շուտով Կենդանաբանության ինստիտուտը կտա գիտական հիմնավորումը որսի և ուսումնասիրություններ կանի, և դրա հիման վրա Բնապահպանության նախարարությունը կորոշի՝ թույլ տալ ձկան որսը,որքան և ինչպես»:

Այսեր Ղազարյանն ահազանգում է՝ Սևանը կանաչում է, բայց ոչ ոք ուշադրություն չի դարձնում.«Բոլոր իշխանությունների օրոք Սևանի խնդիրը միշտ մի կողմ է դրված: Բոլորը նայում են Սևանին, որպես ոռոգման ջրի: Ամեն տարի մի քանի միլիոն խորանարդ մետր ջուր է բաց թողնվում Սևանից, չնայած մի շարք փորձագետներ պնդում են,որ Սևանին առնվազն 5-6 տարի չի կարելի ձեռք տալ»,-նշում է Ադամյանը: Բնապահպանը նշում է, որ լճի ջրերը, որպես ոռոգման ջուր, սխալ են բաշխվում.«Ո՞ւր են գնում այդ ջրերը: Անցած տարի մենք Արմավիրում էինք և ականատես եղանք, որ արմավիրցիները ճանապարհ էին փակել՝նշելով, որ իրենց ջուր չի հասել»:

Այն հարցին, թե ի՞նչ է սպասվում Սևանին մի քանի տարի անց, Սիլվա Ադամյանը պատասխանեց.«Սևանում օր օրի ավելանում է ճահճացումը, կտեսնենք ջրի որակազրկում, ջրային կենսաբազմազանության կորուստ: Մենք կարող ենք Սևանը կորցնել»:

Անյուտա Աթանեսյան