Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանում գտնվող նստավայրում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ մեկնարկեց Նորատուսցի Ալիկի եղբոր՝ Արա Բանդուրյանի գործի դատական քննությունը:

 

Արա Բանդուրյանին մեղադրանք է առաջադրված խուլիգանության հոդվածի ամենածանր մասով՝ զենքի գործադրմամբ կատարած խուլիգանության, ինչպես նաև ապօրինի զենք ձեռք բերելու, կրելու համար ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ և 235 հոդվածի 1-ին մասերով: Արա Բանդուրյանը գրավով ազատ է արձակվել:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի հոկտեմբերի 12-ի լույս 13 –ի գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում, Արա Բանդուրյանը, մի խումբ անձանց հետ գտնվելով Հյուսիսային պողոտայի «Հուկաման» ակումբում, «իր անձի ենթադրյալ առավելություններով» տարված և «անթաքույց արհամարհանք դրսևորելով» ակումբում գտնվող հանրության նկատմամբ, զենքի գործադրման սպառնալիքով ու անկանոն կրակոցներ արձակելով՝ կատարել է խուլիգանություն:

Ըստ մեղադրանքի՝ Արա Բանդուրյանը նախ դեպի ակումբի պարահրապարակ է նետել տարբեր առարկաներ, այնուհետև գործով չպարզված անձից ձեռք է բերել ու կրել հրազեն հանդիսացող 9 մմ տրամաչափի ատրճանակ՝ առաջացնելով անհանգստության մթնոլորտ: Բանդուրյանը, ըստ մեղադրանքի, անտեսելով ակումբում գտնվողներին, անկանոն կրակոցներ է արձակել՝ նրանց կյանքի ու առողջության համար իրական վտանգ և վախի, տագնապի մթնոլորտ առաջացնելով:

Դատական նիստի սկզբում՝ բացարկներ հայտնելու փուլում, ամբաստանյալ Արա Բանդուրյանի շահերի պաշտպան, փաստաբան Կարեն Բատիկյանը հանդես եկավ հայտարարությամբ: Պաշտպանը նշեց, որ մեղադրողին բացարկ չի հայտնում, բայց իր հայտարարությամբ «հորդորի պես մի բան» է հնչեցնում՝ մեղադրողին ուղղված՝ ի ցույց հանելով գործի քննության ընթացքում կուտակված խախտումները, և հույս ունենալով, որ մեղադրողի մոտ ներքին համոզմունք կձևավորի, որպեսզի նա խղճի մտոք ու օրենքի պահանջներին համապատասխան փոխի դիրքորոշումն ու Արա Բանդուրյանին առաջադրված մեղադրանքը:

Պաշտպանի հայտարարության մեխն այն էր, որ Արա Բանդուրյանի արարքին նախաքննական մարմինը տվել է սխալ քրեաիրավական գնահատական՝ կատարված արարքի մեջ առկա չէ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հանցակազմ:

Ըստ պաշտպանի՝ մեղադրանքի կողմը սխալ է գնահատել գործի փաստական տվյալները ու տվել է սուբյեկտիվ գնահատական: Պաշտպանը հարցեր հնչեցրեց՝ ինչո՞ւմ է դրսևորվել ամբաստանյալի խուլիգանությունը, ակումբում գտնվող հանրության կյանքի և առողջության համար վտանգի իրական բնույթն ինչո՞ւմ է արտահայտվել, ինչի՞ց է հետևություն արվել, որ ակումբում տեղի է ունեցել հասարակական կարգի կոպիտ խախտում:

Փաստաբան Կ. Բատիկյանը նշեց՝ գործով տասը վկա է հարցաքննվել, այդ թվում՝ տարածքում հասարակական կարգը պահպանող երկու ոստիկանները: Նրանցից ոչ ոք, նաև՝ ոստիկանները չեն հայտնել հասարակական կարգի խախտման մասին, ակումբի հաճախորդները չեն ահազանգել, որ իրենց կյանքին իրական վտանգ է սպառնացել: Ուրեմն՝ ովքե՞ր են գործով այն անձինք, ում կյանքի ու առողջության համար իրական վտանգ են ներկայացրել Արա Բանդուրյանի գործողությունները:

Պաշտպանը նշեց՝ եթե անգամ հաստատված գնահատվի, որ Արա Բանդուրյանը ակումբում կրակոցներ է արձակել, ապա գործի նյութերից ակնհայտ է, որ այդ կրակոցների քանակը, ուղղվածությունը վտանգ չէին ներկայացնում ակումբում գտնվողների համար: Որևէ մեկին որևէ վնասվածք պատճառված չէ, պատճառելու վտանգ էլ չկար…

Պաշտպան Կ. Բատիկյանը նշեց՝ իրականությանը չի համապատասխանում մեղադրանքի այն ձևակերպումը, որ Արա Բանդուրյանն ակումբի ներսում անկանոն կրակոցներ է արձակել ,և որ դրանք եղել են «ցուցադրական»՝ առաջացնելով վախի և տագնապի մթնոլորտ:

Պաշտպանը վկայակոչեց Վճռաբեկ դատարանի նախադեպային համապատասխան որոշումը, որ արարքը խուլիգանության չորրորդ մասով որակելու համար պետք է որ արարքի արդյունքում հանրության համար առաջացած վտանգը լինի իրական, ոչ թե կարծեցյալ: Արա Բանդուրյանի գործողությունների արդյունքում ակումբում գտնվողների համար իրական վտանգ չի առաջացել՝ պնդեց պաշտպանը: Վարույթն իրականացնող մարմինը չի ապացուցել խուլիգանական մղումների առկայությունը և Բանդուրյանին անհիմն մեղադրանք է առաջադրել:

Ըստ պաշտպանի՝ դեպքի պահին Արա Բանդուրյանը եղել է հուզական լարվածության վիճակում, ինչը բացառում է խուլիգանական մղումների առկայությունը:

Պաշտպանն ընդգծեց՝ իր հայտարարությամբ մեղադրող դատախազի ուշադրությունը հրավիրում է «պարտականությունների պատշաճ կատարման ու այն բանի վրա, որ գոնե դատաքննության փուլում նա օբյեկտիվորեն փոփոխի մեղադրանքը, դրսևորի սկզբունքային վարքագիծ, հենվի իր խղճի վրա: Այդ հույսն ունենալով էլ պաշտպանական կողմը մեղադրողին բացարկ չի հայտնում՝ ընդգծեց պաշտպանը:

Մեղադրող դատախազ Ռաֆայել Մանուկյանը կարճ պատասխանեց պաշտպանի հայտարարությանը՝ նշելով, թե ամբաստանյալին մեղսագրված արարքները հիմնավոր են, պարունակում են այն հանցակազմը, որը մեղսագրված է: Մեղադրողը նաև նշեց, որ մեղադրանքի հիմնավորվածության հարցը տվյալ փուլում չի կարող քննարկվել, կքննարկվի գործի դատաքննության ավարտին:

Մեղադրողը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:

Ամբաստանյալ Արա Բանդուրյանը սկզբում ասաց, թե իր համար հասկանալի չէ առաջադրված մեղադրանքը, իսկ երբ նախագահողը հակիրճ ներկայացրեց մեղադրանքը, ամբաստանյալն ասաց, թե մեղադրանքն իրեն հասկանալի է, բայց ինքը չի կատարել նշված արարքները. «Անհասկանալի է մարդկանց սպառնալը, տենց բաները…»: Այնուամենայնիվ, վերջում ամբաստանյալն ասաց, թե առայժմ դիրքորոշում չի հայտնի մեղադրանքի վերաբերյալ:

Քննարկվեց ապացույցների հետազոտման կարգը:

Մեղադրողն առաջարկեց սկզբում հետազոտել գործում առկա ապացույցները, ապա հարցաքննել վկաներին, վերջում՝ ամբաստանյալին:

Ամբաստանյալի շահերի պաշտպանը այն կարծիքը հայտնեց, թե սկզբում պետք է հարցաքննել վկաներին, առավել ևս, որ այս դատական նիստին մեկ վկա ներկայացել էր, հետո պետք է հետազոտել գործում առկա ապացույցները, հետո հարցաքննել ամբաստանյալին:

Պաշտպանն իր կարծիքը հիմնավորելու համար նշեց, թե նախաքննական մարմինը կոպիտ խախտում է կատարել՝ նախ անձին ցույց է տվել դեպքի վայրում կատարված տեսագրությունը, հետո նոր հարցաքննել է որպես վկա: Ըստ պաշտպանի՝ տվյալ վկայի տված ցուցմունքը դարձել է անթույլատրելի ապացույց, քանի որ մարդուն սկզբում տեսանյութի միջոցով տեղեկություններ են հրամցրել, մարդու ենթագիտակցության մեջ կարծիք է ձևավորվել, հետո նա հարցաքննվել է որպես վկա: «Նման մոտեցումն անթույլատրելի է»,- ասաց Կ. Բատիկյանը:- «Հիմա վկան՝ կենդանի մարդը եկել է, հարցաքննենք, վկաների հարցաքննությունից հետո կհետազոտենք գործում եղած ապացույցները»:

Պաշտպանն ասաց՝ այո, հիշյալ ակումբում ինչ-որ գործողություն եղել է, պաշտպանական կողմը դա չի ժխտում, բայց դա չի նշանակում, որ հրազենի գործադրմամբ ցանկացած գործողություն պիտի խուլիգանության 4-րդ մաս որակվի:

Դատարանը որոշեց՝ սկզբում հարցաքննել վկաներին, ապա հետազոտել գործում առկա ապացույցները, վերջում հարցաքննել ամբաստանյալին:

Դատարան էր ներկայացել վկա Հրաչիկ Խ.-ն: Նա ՊՊԾ գնդի ոստիկան է: Դեպքի գիշերը նա ծառայություն է իրականացրել Հյուսիսային պողոտայում՝ հսկել է հասարակական կարգի պահպանությունը: Տվյալ ակումբում կատարվածի մասին իմացել է միայն ոստիկանական բաժնում, բուն ծառայության ընթացքում որևէ ահազանգ չի եղել ո՛չ ակումբի աշխատողներից, ո՛չ հաճախորդներից:

Վկան նշեց, որ գիշերվա ժամը 1-2-ի սահմաններում իր ծառայակցի հետ մտել է իրենց երթուղում գտնվող «Հուկաման» ակումբ, մենեջերից տեղեկացել է, որ այնտեղ ամեն ինչ ընթանում է նորմալ, ապա դուրս են եկել ակումբից: Աստիճանների վրա հանդիպել է Արա Բանդուրյանին, որը մի քանի մարդու հետ, որոնց թվում կարծես կին էլ կար, մտնում էր ակումբ՝ խուլիգանություն չէր անում, որևէ մեկին չէր խանգարում: Վկան նշեց, որ հանդիպումը հպանցիկ է եղել, ինքը չի կարող ասել՝ Բանդուրյանը խմա՞ծ էր, թե՞ ոչ, բայց նա հանգիստ մտնում էր ակումբ: Գիշերային ծառայությունը տևել է մինչև հոկտեմբերի լույս 13-ի ժամը 5-ը: Ամբողջ ծառայության ընթացքում վկան ու նրա ծառայակիցը գտնվել են Հյուսիսային պողոտայում, որևէ միջադեպի վերաբերյալ, մասնավորապես՝ տվյալ ակումբի աշխատողների կամ հաճախորդների կողմից, ահազանգ չեն ստացել:

Պատշաճ ծանուցված ու դատարան չներկայացած վկաներին դատական հաջորդ նիստին բերման ենթարկելու որոշում կայացվեց: Այս գործով հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 1-ին: