«Սասնա ծռեր» կուսակցության միասնության ավտոերթի մասնակիցներն արդեն հատել են Արցախի սահմանը։ Կուսակցության մամուլի խոսնակ Հերմինե Մկրտչյանը Armdaily.am-ի հետ զրույցում նշեց, որ ավտոերթին միացած մեքենաների քանակը հասնում է 140-ի։ 

«Արցախի սահմանին մեզ դիամվորեցին ավանդական հայկական ոճով՝ աղ ու հացող, զուռնա-դհոլով։ Մենք արդեն բազմամարդ հանդիպում ենք ունեցել Մարտակերտում։ Մարդկանց հետաքրքրող հարցերիշրջանակը բավական լայն էր, սկսած սոցիալ տնտեսական խնդիրներից մինչև քաղաքականություն»․-ասաց Մկրտչյանը։ 

Ավտոերթի նպատակներն են ցույց տալ ազգի միասնականությունը և Արցախը որպես ՀՀ մարզ ճանաչելը։ Հարցին թե որքանով է ավտոերթի նպատակն ընկալելի տեղի բնակիչների համար, Մկրտչյանը նշեց, որ արցախցիներն իրենց օտարված են զգում ու վիրավորված։ «Մեզ ուղղվող հարցերից շատերը վերաբերում էին օրինակ Հայսատանում անցկացվող ընտրություններին մասնակցության հնարավորությանը։ Մարդիկ շեշտում են, որ իրենց բնակավայրերում առկա բազմաթիվ խնդիրները հնարավոր կլինի լուծել ու իրական զարգացում ապահովել միայն Հայաստանի հետ միավորման շնորհիվ»,-ասաց նա։ 
Ավտոերթի մասնակիցների հաջորդ հանդիպումը նախատեսված է Աղդամում։
Վաղը նախատեսված են հանդիպումներ Ասկերանում, Հադրութում, Տող-Մելիք Եգանի դղյակում։ . Մայիսի 27-ին հանդիպում կլինի Ճարտարի դահլիճում, իսկ 28-ին Ստեփանակերտում, Շուշիում և Բերձորում: Ողջ երթուղին կազմում է 1100 կմ։