Այն, որ աղբահանության խնդիրը Երևանում օրհասական է՝ ակնհայտ է անգամ անզեն աչքով: Եվ անչափ ուշագրավ է, որ բոլորն էլ ընդունում են՝ խնդիրը «Սանիթեք» ընկերության, մեղմ ասած՝ վատ աշխատելու հետևանքով է ի հայտ եկել: Քաղաքապետ Հայկ Մարությանը, սակայն, այս ընթացքում գտել է բացատրություն, թե ինչու ինքը չի կարող կատարել նոր օպերատորի մասին իր խոստումը, և ինչու են երևանցիները պարտադրված դիմանալ «Սանիթեք»-ի գերությանը: Պարզվում է՝ «Սանիթեք»-ը կարող է տուգանել, ընդ որում՝ ցավոտ։ Սակայն այդ տուգանքների մասին պետք է որ իմանար նաև Մարությանը, երբ խոստանում էր «Սանիթեք»-ին զրկել մենաշնորհից:
  
Աղբահանության նոր օպերատորի մուտքը Երևան, ըստ էության, հետաձգվում է: Նորություններ չկան նաև աղբի վերամշակման գործարանի կառուցումից, փոխարենը նոր աղբավայրի կառուցման մրցույթ է հայտարարվել. այն կառուցվելու է Նուբարաշենում, ընդ որում՝ կա հիմնավոր կասկած, որ նոր աղբավայրը կառուցվելու է անտառային հողերի վրա, որտեղ դեռևս 2006-2008 թթ.-ներին «Անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամ»-ի ֆինանսավորմամբ իրականացվել է պոմպակայանի և ոռոգման ցանցի վերակառուցման, ցանկապատման և անտառպուրակի հիմնադրման աշխատանքներ: Տնկվել են ծառեր, որոնք, սակայն, չորացել են (15%-ն է միայն հաջողել): Սակայն ներկայում տարածքը պետք է մաքրվի և ծառայի որպես աղբավայր: Սա իրականում նոնսենս է, եթե հաշվի առնենք՝ ինչ ջանասիրությամբ էր քաղաքապետը քանդում Օպերայի հարակից այգիները՝ այդ գոտում կանաչապատ տարածք ստեղծելու ցանկությամբ տոգորված:
 
Հիշեցնենք մի դրվագ, որը վերագրվում էր նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Մասնավորապես, մինչ նրա հրաժարականը, մամուլում հաճախ էին շրջանառվում տեղեկություններ, որ «Սանիթեք» ընկերությունում իր «փայն» ուներ՝ աղբահանություն իրականացնող մեքենաների պարկի մի մասը պատկանել էր հենց Մարգարյանին: Վերջինս էլ, հեռանալուց հետո, հանել էր մեքենաները պարկից, և հենց դա է պատճառ հանդիսացել, որպեսզի մի որոշ ժամանակով խաթարվի քաղաքի բնականոն աղբահանության պրոցեսը:
 
Այժմ «Սանիթեք»-ը աշխատում է, բայց ինչպես ասում են՝ վայ այդ աշխատելուն: Տպավորություն է ստեղծվում, որ «Սանիթեք»-ում Տարոն Մարգարյանի «փայը» այժմ էլ անցել է Հայկ Մարությանին, և հենց դա է պատճառը, որ վերջինս չի շտապում ընկերությանը զրկել յուղոտ մենաշնորհից…