Օրեր առաջ Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում դպրոցականների միջև վեճ ու ծեծկռտուք էր տեղի ունեցել, որի հետեւանքով երեխաներից մեկը ծանր մարմնական վնասվածքներ էր ստացել: Նրան ուղղաթիռով տեղափոխվել էին Երեւան՝ Սուրբ Աստվածամայր ԲԿ: Այս մասին տեղեկացնում է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջը։

15-ամյա տղան ստացել էր գանգուղեղային վնասվածք, տեղափոխվել էր Եղեգնաձորի ԲԿ, որտեղ ցուցաբերվել էր առաջին բուժ.օգնություն, կատարվել էր ինտուբացիա, միացվել էր արհեստական շնչառություն, որից հետո տեղափոխվել էր Երևան:

ԲԿ–ից տեղեկացնում են, որ տղայի մոտ ախտորոշվել էր փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի սալջարդ, ձախ ակնակապճի ստորին պատի կոտրվածք, ձախակողմյան հեմոսինուս, թոքերի ինֆիլտրացիա: Բժշկական կենտրոն ընդունվելիս երեխայի ընդհանուր վիճակը գնահատվել էր շատ ծանր:

Այսօր արդեն տղայի կյանքին վտանգ չի սպառնում, արդեն գիտակից է: Ինքնազգացողությունը լավ է, տրամադրությունը՝ նույնպես: