«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ.

Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ: 101 տարի շարունակ մայիսի 28-ը խորհրդանշում է հայոց պետականության վերածնունդը:

Թեպետ Հայաստանի առաջին հանրապետությունը շատ կարճ կյանք ունեցավ և գոյատևեց ընդամենը երկու տարի, սակայն մեր նախնիների դարեր շարունակ երազած ու իրականություն դարձած անկախությունը կատարեց իր պատմական կարևորագույն առաքելությունը՝ հայ ժողովրդի մոտ արթնացավ անկախ պետականություն ունենալու երկարատև փափագը:

Հենց առաջին հանրապետության ստեղծումը հետագայում անկյունաքարային դարձավ Խորհրդային Հայաստանի, իսկ 1991 թվականից արդեն ազատ և անկախ Հայաստանի Հանրապետության կերտման համար։

Այսօր արդեն 101 տարվա հեռավորությունից մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք, որ անկախությունն ու ազգային պետականությունը գերագույն ու անփոխարինելի արժեքներ են, և որ միայն մեր ազգի միասնականությամբ մենք կարող ենք կերտել մեր բոլորի երազած բարեկեցիկ ու բարգավաճ հայրենիքը:

Կրկին շնորհավորում եմ համայն հայությանը կարևորագույն այս տոնի առթիվ: Մաղթում եմ հարատև խաղաղություն և միասնական աշխատանք՝ հանուն մեր երկրի բարգավաճման և հայ ժողովրդի բարօրության: Աստված պահապա՛ն մեզ բոլորիս…