Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայացել է այդ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հանդիպումը: Ինչպես հաղորդում է Ղազախստանի առաջին նախագահի պաշտոնական կայքը, կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները:

Նազարբաևն ընդգծել է, որ շատ երկրներ և կազմակերպություններ են հետաքրքրված ԵԱՏՄ-ի հետ համագործակցությամբ և նկատել է, որ ժամանակն է ընդլայնելու միության տնտեսական գործընկերների աշխարհագրությունը:

«Վաղն այստեղ կկայանա Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովը: Դուք ղեկավարում եք միության գործադիր մարմինը' հաջողությամբ լուծելով ձեր առջև դրված խնդիրները: Անհրաժեշտ է շարունակել առաջընթացը»,-նշել է Ղազախստանի առաջին նախագահը:

Տիգրան Սարգսյանը նշել է միության զարգացման ուղղությամբ ձեռք բերված հաջողությունները:

«Երախտապարտ եմ ձեզ 25 տարի առաջ ձեր առաջարկած ինտեգրացիոն հարցերի և դրանց իրագործման գործնական գաղափարների քննարկման հնարավորության համար: Արդեն 5 տարի է' մենք իրականացնում ենք այս նախագիծը: Քառորդ դար առաջ ձեր ցուցաբերած իմաստնությունը կենսական նշանակություն ունեցավ մեր երկրների համար»,- ասել է ԵԱՏՀ կոլեգիայի նախագահը: