Ծաղկման փուլում շատերի մոտ սկսվում է սեզոնային ալերգիա՝ օրգանիզմի բարձր զգայունություն բույսերի փոշու եւ այլ պոտենցիալ ալերգենների հանդեպ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի հետաքրքիր եւ օգտակար փաստ սեզոնային ալերգիայի մասին:

1. Ալերգիան կարող է ի հայտ գալ ցանկացած տարիքում

Եթե անգամ մանկության շրջանում դուք չեք ունեցել ալերգիա, դա դեռ չի նշանակում, որ այն չի կարող ի հայտ գալ չափահասության ընթացքում: Համարվում է, որ եթե ձեր ամենամոտ բարեկամներից որեւէ մեկը տառապում է ալերգիայով, ցանկացած տարիքում դրա առաջացման վտանգը բավականին բարձր է նաեւ ձեզ մոտ:

2. Ալերգիան կարող է անսպասելիորեն անհետանալ

Եթե ձեզ մոտ նկատվում է սեզոնային ալերգիա, դա եւս չի նշանակում, որ կուղեկցի ձեզ ամբողջ կյանքի ընթացքում: Ալերգիան կարող է ինքնուրույն «անհետանալ» ցանկացած պահի: Սակայն որոշ ժամանակ անց այն կարող է կրկին ի հայտ գալ՝ արձագանքելով կամ միեւնույն ալերգեններին, կամ այլ ալերգեններին: Այդ առումով մարդու օրգանիզմն անկանխատեսելի է:

3. Գերադասելի է բուժումը սկսել նախքան սեզոնի սկիզբը

Անհրաժեշտ է դիմել ալերգոլոգի ոչ թե բուն ալերգիայի ժամանակ, այլ նախքան սեզոնի սկիզբը: Շնորհիվ ճիշտ եւ նախապես կազմակերպված բուժման՝ սեզոնի ընթացքում ալերգիան հնարավոր է զգալիորեն մեղմել:

4. Բնակության վայրի փոփոխությունը չի կարող բուժել ալերգիան

Պետք չէ մտածել, որ եթե դուք փոխեք բնակության վայրը, ապա ալերգիան ձեզ այլեւս չի անհանգստացնի: Անգամ եթե դուք տեղափոխվեք ուրիշ երկիր, հնարավոր է, մեկ կամ երկու տարով ձեր վիճակը լավանա, սակայն այնուհետեւ օրգանիզմը կրկին կբախվի նոր ալերգենների հետ՝ կախված նոր արտաքին միջավայրի գործոններից:

5. Սեզոնային ալերգիան կարող է սրացնել ասթման

Բազմաթիվ մարդիկ չեն կասկածում, որ ալերգիան եւ ասթման փոխկապված են: Ասթմայով տառապող երեխաների 80 տոկոսն ունի ալերգիայի որեւէ տեսակ, որը սրվում է տարվա որոշ եղանակներին: Ավելին, ասթման սրվում է ալերգիայի պատճառով, այդ իսկ պատճառով ասթմայով հիվանդներին խորհուրդ է տրվում մշտապես կապ պահպանել ալերգոլոգի հետ: