Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Գուդվին-ԲԵՏ» ՍՊԸ աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում Աժ-ի դիմաց՝ ընդդեմ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` բուքմեյքերական գրասենյակների գործունեության վերաբերյալ ընդունած որոշման: Նրանք վիրավորական արտահայտություններ են հնչեցնում` մասնավորապես՝ Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հասցեին: Ակցիայի մասնակիցների խոսքով` մի քանի անգամ փորձել են հանդիպել Ալեն Սիմոնյանին, սակայն նա չի եկել հանդիպման:

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ ինքը հանդիպման առաջարկ չի ստացել. «Ինձ հանդիպման առաջարկ չի եղել, մի անգամ ընդհանուր հանդիպում է եղել»,-ասաց նա:

Անդրադառնալով պաստառներին և «Ոչ մենաշնորհին» կարգախոսին, Ալեն Սիմոնյանն ասաց. «Հենց իրենք մենաշնորհ ունեն: Ապարատներն իրենց մենաշնորհներն են, որովհետև ոչ մի կազմակերպություն այդ ապարատներից չունի, բայցի այն ընկերությունը, որի աշխատակիցները հիմա փողոցում են: Էլ ի՞նչ մենաշնորհի մասին է խոսքը»,- ասաց Աժ փոխնախագահը:

Հարցին, թե լսե՞լ է իրեն ուղղված վանկարկումները, Սիմոնյանն ասաց. «Չէ, առավել ևս, եթե վիրավորական արտահայտություններ կան, այդ մարդկանց հետ ես ինչի՞ հանդիպեմ, հանդիպեմ՝ ի՞նչ անեմ: Ում հետ կհանդիպեն, ինչ կանեն՝ իրենց գործն է »,- եզրափակեց Ալեն Սիմոնյանը:

Սիլվի Տիգրանյան