ԼՈՒՐԵՐ․com—ը փաստաբան Հովհաննես Չամսարյանի հետ զրուցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից՝ դատարանները բլոկադայի ենթարկելու, դատական համակարգը վեթինգի ենթարկելու, դրա հետևանքների, ինչպես նաև Դատավորների ընդհանուր ժողովի անցկացրած նիստի մասին։

-Պարո՛ն Չամսարյան, նախ՝ ինչպե՞ս եք գնահատում վարչապետի կողմից դատարանները շրջափակելու կոչը, ապա նաև դատական համակարգի վիրահատական միջամտության անհրաժեշտությունը: Այդ գործընթացը որակում էին հակասահմանադրական: Դուք ի՞նչ գնահատական կտաք:

-Դատական համակարգում խնդիրները բազմաթիվ են՝ սկսած գործերը ողջամիտ ժամկետներում քննելու պարտավորության խախտումներից, վերջացրած կոռուպցիոն դրսևորումներով, որոնք շատ հաճախ արտահայտվում են նաև դատարանի գործողությունների միջամտությամբ՝ իշխանական ուժերի կողմից։ Դրանց վերաբերյալ բազմիցս արտահայտվել ենք և՛ ես, և՛ իմ շատ գործընկերներ։ Դատական համակարգի ներկայիս վիճակը լրջագույն չարիք է երկրի տնտեսության համար։ Այո՛, դատական համակարգն ունի փոփոխությունների կարիք, սակայն դա երբեք չպետք է իրականացվի օրենքի և Սահմանադրության խախտմամբ։ Իմ գնահատմամբ, երբ իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից հնչում են դատարանների դռները արգելափակելու, դատավորների նկատմամբ բռնություններ կիրառելու, հաշվեհարդարներ տեսնելու կոչեր՝ խախտվում է Սահմանադրությամբ ամրագրված կարևորագույն սկզբունքներից մեկը՝ իշխանության տարանջատման սկզբունքը։ Նման գործընթացները արդարադատության միջամտության դասական դրսևորումներ են։ Անթույլատրելի է, երբ քաղաքական գործիչը մասնակից է դառնում նման գործընթացների, անկախ իր կողմից արված հայտարարություններից, թե դա իր՝ որպես քաղաքացու գործողության հետևանք է։

-Վարչապետի կողմից առաջ քաշված վեթինգի ինստիտուտի ներդրման մեջ որևէ մտահոգիչ բան չեք տեսնո՞ւմ, Ձեզ համար ընդունելի՞ է վեթինգի կիրառումը: Եթե վեթինգ արվի, ապա Ձեր կարծիքով՝ ի՞նչ պատկերի ականատես կլինենք:

Ինձ համար անհասկանալի է, թե ինչու է ընտրվել այդ եղանակը, երբ առկա է այլ գործիքակազմ և անհրաժեշտ է ընդամենը ցուցաբերել քաղաքական կամք։ Ցավալի է նաև, որ թիրախավորվել են դատավորներ, ովքեր մշտապես աչքի են ընկել իրենց անկախությամբ, դատավորներ, ում կողմից կայացված դատական ակտերի արդյունքում իրականացվել է իրապես արդարադատություն, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով բարձր են պահել դատավորի անունը։ Այո՛, անհրաժեշտ է իրականացնել որոշ գործողություններ, մասնավորապես, ստուգել դատավորների ունեցվածքը և ծագման աղբյուրները։ Այո՛, անհրաժեշտ է ստուգել դատավորների կապը կոռուպցիոն դրսևորումների հետ, սակայն առաջանում է մեկ հարց՝ եթե վեթինգի արդյունքում պարզվի, որ դատավորների 80%-ը չի անցել վեթինգային «խողովակով», ի՞նչ է տեղի ունենալու։ Եթե դրա արդյունքում դադարեցվելու է այդ դատավորների լիազորությունները, ապա ստացվում է, որ մենք դադարելու ենք ունենալ դատական համակարգ։ Այսինքն, պարզ չէ վեթինգի իրականացման եղանակները, պարզ չէ՝ պետությունը պատրա՞ստ է վեթինգի իրականացման ցանկացած հետևանքներին, թե՝ ոչ։

-Այս աղմուկը սկսվեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության որոշումից հետո։ Չեք կարծո՞ւմ, որ այս ամենը հետևանք է հենց այդ որոշման կայացման։

- Ամբողջ խնդիրը հենց դա է, որ սա նման է ավելի շատ վենդետայի, քան դատական համակարգի բարեփոխման։ Ականատես ենք լինում մի իրավիճակի, որ թիրախավորվում են Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատած դատավորները, և կա մտավախություն, որ դա կատարվում է պետական մակարդակով։ Բանը անգամ հասավ նրան, որ ԲՈՀ-ի նախագահը սկսեց խոսել, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանի ատենախոսությունը արտագրված է։ Սա, իհարկե, երբեք չի կարող համարվել օրինական գործընթաց։

-Երկուշաբթի օրը Դատավորների ընդհանուր ժողովը նիստ էր գումարել, որին հաջորդեց հայտարարություն։ Այնտեղ, մասնավորպաես, նշվում էր, որ ԲԴԽ-ի անգործությունը չի արտահայտում դատավորների հավաքական կամքը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը։

-Դժվար է մեկնաբանել անբովանդակ հայտարարությունները։ Դատավորների ընդհանուր ժողովը մեղադրում էր ԲԴԽ-ին, սակայն իրենց հայտարարությունը ոչինչով չէր զիջում ԲԴԽ-ի ոչ պակաս անբովանդակ հայտարարությանը։ Հայտարարությունից ստացվում է, որ դատարանների նկատմամբ իրականացվածը դատավորների ընդհանուր ժողովը գնահատում է որպես դատական իշխանության նկատմամբ անվստահություն առաջացնելու փորձ, սակայն կարծում եմ, որ դրանք իրականում առաջացրել են շատ ավելի ծանր հետևանքներ, որոնց մասին դատավորների ընդհանուր ժողովը պարտավոր էր բարձրաձայնել։

Սոնա Հարությունյան