Այսօր առավոտից բուքմեյքերական ընկերությունների աշխատակիցները Հայաստանի ԱԺ դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում ընդդեմ բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը սահմանափակող օրինագծի, որը հավանության է արժանացել ԱԺ տնտեսական հանձնաժողովի կողմից եւ ուղարկվել ԱԺ քննարկմանը: Ցուցարարները փակել էին Բաղրամյան պողոտան եւ պահանջում էին հանդիպում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է Երեւան քաղաքից հեռացնել բոլոր բուքմեյքերական գրասենյակները։ Նախագիծն ընդունելու պարագայում այն ուժի մեջ կմտնի 2020 թ․-ի նոյեմբերից:

Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության բակում հանդիպելով բուքմեյքերական ընկերությունների աշխատակիցների հետ՝ տողատակով հասկացրել էր, որ աջակցում է Ալեն Սիմոնյանի առաջարկած նախագծին: Արդյունքում, ինչպես տեսնում ենք՝ «Գուդվին»-ը անցել է պայքարի ավելի ռադիկալ միջոցների: Փաստացի, Ալեն Սիմոնյանի և Հայկ Սարգսյանի հեռակա պայքարը հասնում է փողոց՝ նոր գլխացավանք խոստանալով Նիկոլ Փաշինյանին: Իսկ իմքայլական պատգամավորների բիզնես շահերի բախման մասին արդեն գրել ենք: Սպասվում էր, որ ստեղծված իրավիճակում Նիկոլ Փաշինյանը հանդես կգա որոշակի արբիտրի դերում, կարևորելով ոչ թե նեղ խմբային, կլանային բիզնես շահը, այլև ժողովրդինը, այն ժողովրդինը, որի անունից այդքան շատ է սիրում խոսել: Մինչդեռ այդպես չեղավ. Փաշինյանն ակնհայտորեն ներգրավվեց այս խաղի մեջ՝ Սարգսյան-Սիմոնյան հեռակա պայքարում բռնելով Ալեն Սիմոնյանի կողմը: Սա նշանակում է, որ դիմակայությունը շարունակվելու է, իսկ տուժելու են շարքային քաղաքացիները, որոնք մնալու են առանց աշխատանքի՝ բախտի քմահաճույքին մատնված…