«Ես ինֆորմացիա չունեմ, որ Հայաստանը իր համաձայնությունը տվել է Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում տեսնելու համար և այս կանոնադրությամբ, որը թերի է, և Հայաստանը փորձում է ՀԱՊԿ-ի այս կանոնադրությամբ որոշ բացեր փակել և առաջարկություններ անել»,- այս մասին Ազգային ժողովում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը` անդրադառնալով Հայաստանի վերաբերմունքին` ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի անվտանգության խորհրդի ղեկավար Ստանիսլավ Զասի թեկնածությանը:

Նրա խոսքով` խորհուրդը ներկայացնում է թեկնածուին, և երբ ժամանակը կգա, Հայաստանն իր դիրքորոշումը կհայտնի, մենք այս պահին ոչ դեմ ենք, ոչ` կողմ: Անդրադառնալով լրագրողների հարցին, թե Հայաստանը, կարծես թե փոխհամաձայնության է եկել, որ մինչև 2020 թվականը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար չունենա, իսկ հետո դեմ չէ ադրբեջանամետ ուղղվածություն ունեցող Զասի թեկնածությանը, Իգիթյանն արձագանքեց. «Այստեղ կա մի բան, որի հետ ես համաձայն չեմ, ավելին՝ կտրականապես համաձայն չեմՏեսեք, ստացվել է այնպես, որ Հայաստանի թեկնածուն վաղաժամ դադարեցրել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնել` հայտնի պայմաններով: Այդ իրավիճակում Հայաստանն ասաց, որ ամեն ինչ պետք է կանոնադրված շարունակվի և առաջարկեց իր տարբերակը: Այդպես է բոլորի համար, վաղը Բելառուսի թեկնածուն կարող է վաղաժամկետ, օրինակ` թոշակի անցնել: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի համաձայնությանը կամ պայմանավորվածությանը, ապա մենք ոչ մի պարագայում համաձայնության չենք գնացել և չենք գնում»,-ասաց նա:

Անդրադառնալով լուրերին, թե Պուտին-Փաշինյան հանդիպումը տեղի չի ունեցել, քանի որ լարված են նրանց հարաբերությունները, Իգիթյանը նկատեց. «Ես տեղեկություններ ունեմ, որ այս լուրը եկել է Հայաստանի մամուլից: Ես մոտավորապես գիտեմ, թե ով է այստեղից նման լուր տարածում, մամուլին ուղարկում: Ղազախստանից այսպիսի լուրեր մենք չունենք»,-ասաց նա:

ԼՈւՐԵՐ.com-ի հարցին, թե ով է այդ անձը և ինչ միտում ունի, Իգիթյանը պատասխանեց. «Դուք ուզում եք, որ ես անուն, ազգանուն, հասցե ասե՞մ, եկեք չասեմ: Ես գիտեմ, թե ով է, բայց հիմա դա էական չէ: Տեսեք, վարչապետն այսօր վերադառնալու է Ղազախստանից և իր մեկնաբանությունը կտա: Ինչ վերաբերում է նման լուրեր տարածելու նպատակին՝ ասեմ` անընդհատ ուզում են ցույց տալ, թե Հայաստանը նվազ կարգավիճակ ունի ԵԱՏՄ-ի շրջանակներում, որ ՀՀ վարչապետի հանդեպ կա հատուկ վերաբերմունք, բայց դա այդպես չէ»,-եզրափակեց նա:

Սիլվի Տիգրանյան