Երեկ՝ մայիսի 29-ին, Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում էր ՍԴ դատավորի նոր թեկնածուի հարցը: Նախագահ Արմեն Սարգսյանն առաջադրել էր Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: Հարց-պատասխան փուլից հետո պատգամավորներն անցկացրին փակ քվեարկություն, որի արդյունքում ԱԺ-ն կրկին մերժեց ՍԴ դատավորի թեկնածությունը:

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ Վաղարշյանը չընտրվեց, քանի որ պատգամավորների կողմից չստացավ անհրաժեշտ ձայները քանակը:

«Դե, չենք կարող ասել, թե ով է քվեարկել, ով՝ ոչ, քանի որ քվեարկությունը փակ է: Ասել, որ խմբակցությունը դեմ է քվեարկել, սխալ է, քանի որ ազատ հնարավորություն կար՝ խմբակցությունը որոշում չուներ»,-ասաց Բաղդասարյանը:

Անդրադառնալով հարցին, թե ո՞րն էր այս թեկնածուին մերժելու պատճառը, քանի որ նախորդ թեկնածուի դեպքում պատճառը համարվում էր աշխատանքային ստաժը, պատգամավորն ասաց. «Խմբակցությունը դեմ չի քվեարկել, քվեարկել են պատգամավորները, և նրանցից յուրաքանչյուրն է որոշել, թե ինչպես քվեարկի: Ես ինքս ինձ համար որոշել եմ՝ ըստ հարցուպատասխան փուլի և տրված պատասխանների: Իմ և իր կողմից հարցուպատասխան եղել է խմբակցության հետ հանդիպման ժամանակ: Մասնավորապես, Սահմանադրության հետ կապված ի՞նչ փոփոխություններ է անհրաժեշտ կատարել, անհրաժե՞շտ է, թե՞ ոչ որոշակի գործիքակազմ ավելացնել՝ կապված վարչապետի հայտարարության և վեթինգի հետ: Դրանից հետո կայացրել եմ իմ որոշումը»:

Ասպրամ Փարսադանյան