«Հյուսիս-hարավ» ճանապարհը կառուցող աշխատակիցները բացել են Ուջան բնակավայրի հատվածը, որն առավոտից փակել էին: Բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպման գնացած ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում նշեց, որ իրեն հաջողվել է խոսել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ․ «Պայմանավորվածություն ձեռքբերվեց, որ վաղը նրա գրասենյակի ղեկավար Սիսեռյանը կընդունի ցուցարարներին և ենթադրաբար ինչ-որ համաձայնության կգան։ Զրույցից հետո խոսեցի ցուցարարների հետ, հորդորեցի բացել ճանապարհը, այդպես էլ եղավ»,- ասաց նա՝ նշելով, որ մնում է սպասել վաղվա հանդիպմանը։

«Երեկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ կառավարությունը որևէ բան պարտք չէ շինարար ընկերություններին և իրենց հաշիվները պետք է պարզեն իսպանական «Կորսան-Կորվիամ կոնստրուկսիոն» ընկերության հետ: Փաստորեն, 700 քաղաքացի, որոնք աշխատում էին այս շինարարության վրա, ոչ միայն անգործ են մնացել, այլև արդեն պարտքերի մեջ, որովհետև հուսալով, որ ինչ-որ փուլում հետ կստանան իրենց փողերը, մարդիկ ունեցել են վարկեր, տարբեր պարտավորություններ և նոր վարկեր են վերցրել այդ ամենը փակելու համար»,- ասաց Գորգիսյանը:

Նա նշեց նաև, որ շինարարական կազմակերպությունները տեխնիկա են ձեռք բերել լիզինգով և առանց որևէ եկամուտ ստանալու ստիպված են վճարել այդ գումարները, և հիմա կազմակերպությունների մեծ մասը սննկացման եզրին է կանգնել:

«Քաղաքացիները մտավախություն ունեն, որ կառավարությունը լվանում է ձեռքերը, քանի որ փորձ կա, երբ «Հյուսիս-hարավի» վրա ինչ-որ փուլում պարսկական ընկերություն է աշխատել, գումարների 1/3-ը վճարել է և փախել: Մտավախություն ունեն, որ նույնը կարող է լինել նաև «Կորսանի» դեպքում, որովհետև մայր ընկերությունը իսպանական ենթակապալառուների ներկայացուցիչների պնդմամբ սննկացել է ու միայն հայկական մասնաճյուղն է գործել և աշխատել: Հունիսի վերջին ավարտվում է պայմանագիրը հայաստանյան մասնաճյուղի հետ, և քաղաքացիները վախենում են, որ դրանից հետո որևիցե մի կոպեկ գումար չեն կարող ստանալ»,- նշեց Գորգիսյանը:

Մեզ հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակից Գուրգեն Հովհաննիսյանն ասաց, որ համաձայնել են բացել ճանապարհը, մինչև վաղը ժամը 10-ին իրենց կընդունի Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավարը․ «Տեսնենք՝ հարցը ինչ հանգուցալուծում կստանա։ Հույս ունենք՝ լուծման եզրեր կգտնենք»,- նշեց նա։

Սոնա Հարությունյան