«Ոչ վտանգ կա, ոչ էլ ընդդիմադիր բևեռ կարող է ձևավորվել, դա բոլորի համար ակնհայտ է»,- այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը` մեկնաբանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` համակիրների հետ հանդիպման ժամանակ արված հայտարարությունը, թե պատրաստվում է ակտիվ քաղաքականություն վերադառնալ և ընդդիմադիր բևեռ ձևավորել:

Հայկ Գևորգյանն ընդգծեց` քաղաքականություն վերադառնալը ցանկությամբ չի. «Դա ասելիքի և անելիքի խնդիր է, իսկ նրա ասելիքն ու անելիքը մենք տասը տարի տեսել ենք: Իր կառավարման տարիները Հայաստանի համար ամենախավար տարիներն էին, երբ սպանություններ էին կատարվում և չէին բացահայտվում, լրատվամիջոցներ էին փակվում, ոստիկանական բաժանմունքներում խոշտանգում էին մարդկանց: Նա եկավ իշխանության և անմիջապես հետո տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ը, իր գնալու ժամանակ էլ՝ մարտի 1-ին, տասը հոգու սպանեցին, նոր գնաց ինքը իշխանությունից: Իրեն թվում է, թե մարդիկ մոռացել են, հիշողություն չունեն: Քաղաքականություն է ուզում մտնել, թող գա մտնի, տեսնենք ոնց է մտնելու»,-ասաց պատգամավորը:

Հարցին` եթե միավորվեն Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը, արդյո՞ք դրանում վտանգ չի տեսնում, Հայկ Գևորգյանը պատասխանեց. «Տեսեք, երբ նայում եք համացանցը, թվում է, թե ահռելի շատ են նրանք, բայց դուրս եկեք փողոց, չկան նրանք, ընդհանրապես չկան: Համացանցում տեխնոլոգիաներն են փորձում օգտագործել, բայց դա արդեն ձանձրալի է, դա էլ կանցնի: Ես կարող եմ գրազ գալ, որ 20 հոգով այնպիսի փոթորիկ կսարքեմ համացանցում, որ կթվա, թե հեսա լուսինն ընկնելու է երկրագնդի վրա, եթե ֆինանսական ահռելի միջոցներ ունենամ: Իրենք հիմա ունեն առնվազն չորս հեռուստաալիք, բայց իրենց իշխանությունների ժամանակ ոչ մի ընդդիմադիր հեռուստաալիք չկար: Իրենք աշխատում են իրենց հին սկզբունքներով, բայց որքան շուտ հասկական, որ աշխատող մեթոդներ չեն, մարդիկ հիշողություն ունեն, այդքան շուտ կողքի կքաշվեն: Արդեն հետաքրքիր չեն, ինձ կոնկրետ՝ իրենք չեն հետաքրքրում»,- ասաց նա:

Եզրափակելով իր խոսքը, Հայկ Գևորգյանը նշեց, որ շարունակ իրականացվող ցույցերը հեղափոխությունի հետո, չեն նվազեցնում Հայաստանի վարկանիշը միջազգային հանրության մոտ, ընդհակառակը, կնվազեցնեին, եթե նախորդների նման ցրեն ցույցերը:

Սիլվի Տիգրանյան