Արարատի մարզում, այսօր՝ մայիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. բազմաբեկորային վնասվածքներով Մասիսի հիվանդանոց են տեղափոխվել 4 քաղաքացի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Արարատի մարզի Նորամարգ գյուղից, որտեղ տեղի է ունեցել պայթյուն, եւ ըստ նախնական տեղեկությունների՝ ընտանիքի անդամներից մեկը կամ նռնակ կամ այլ պայթուցիկ նյութ է նետել տան վրա։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայրի հարեւանությամբ բնակվողները, որոնք չցանկացան տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Դեպքը կենցաղային հողի վրա է, եւ վիրավորներից մեկի նախկին ամուսինն է նռնակ նետել տան ուղղությամբ։ Հիմա երեւի ոստիկաններն ու քննիչները տեղում կաշխատեն, կիմանան՝ հաստատ նռնա՞կ է եղել, թե՞ այլ պայթուցիկ նյութ»։

Հարեւանները նշում էին նաեւ, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ոստիկանները, որոնցից մեկին՝ ոստիկանական ավտոմեքենայով։

Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Բոլոր վիրավորները տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։