Արցախի հերոս, ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը միասնության կոչով դիմել է հայությանը:

«Այսօր աշխարհասփյուռ հայության համար ժամանակի հրամայական է դարձել ՀԱՅԱՍՏԱՆ – ԱՐՑԱԽ – ՍՓՅՈՒՌՔ եռամիասնության ներդաշնակ գործունեության անհրաժեշտությունը, որի առկայության պայմաններում է միայն հնարավոր դիմակայել մեր ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերներին, հետամուտ լինել Միացյալ և հզոր Հայաստանի ստեղծմանը:

 

Հազարամյակների ընթացքում մեր ժողովուրդը հաճախ է պարտադրված եղել ցուցադրել ապրելու, հարատևելու իր իրավունքն ու կենսունակությունը, արժանապատվությամբ անցնել անկանխատեսելի փորձությունների քուրայով, որպեսզի այսօր աշխարհին կարողանանք ներկայանալ ավելի թրծված ու բյուրեղացած:

Միջազգային հանրության աչալուրջ հայացքի ներքո, 2016 թվականի ապրիլին, երբ նորից հայտնվեցինք փորձության շեմին, ՀԱՅԱՍՏԱՆ- ԱՐՑԱԽ - ՍՓՅՈՒՌՔ եռամիասնությունը հերթական անգամ աշխարհին ապացուցեց իր ամրակայությունն ու հաստատակամությունը:

Այսօր ես ներքին անհանգստությամբ եմ արձանագրում, որ ոչ բոլոր հասարակական-քաղաքական ուժերը, հեղինակություն վայելող անհատներն են գիտակցում հայկական պետականության շուրջ ստեղծված իրավիճակի լրջությունն ու դրանից բխող վտանգավոր հետևանքները: Որոշ խմբեր և քաղաքական ուժեր, շահարկելով մարդկանց հայրենասիրական զգացմունքները, առաջ են քաշում ժամանակավրեպ լոզունգներ՝ քողարկելով շահադիտական իրենց նպատակները, ինչը ես որակում եմ որպես անհանդուրժելի, հայության նպատակների տառին ու ոգուն անհարիր, ապազգային վտանգավոր երևույթ: Համոզված եմ, որ օրվա հրամայականն է ուղիներ որոնել մեր ազգի հնարավորությունները լիարժեք և նպատակային օգտագործելու համար:

Նկատի ունենալով այս ամենը, ես որոշում եմ կայացրել հանդես գալ նախաձեռնությամբ և հայտարարում եմ.

«Հանուն Արցախի» համազգային շարժման մեկնարկի մասին, որի նպատակն է Միացյալ և Հզոր Հայաստանի ստեղծումը՝ հետևյալ խնդիրների լուծմամբ.

-Արցախի Հանրապետության միջազգային ճանաչում.

-Հայաստանի և Արցախի անվտանգության ամրապնդում.

-Սփյուռքի հետ համագործակցության սերտացում և ազգային արժեքների պահպանություն:

Շարժմանը կարող են միանալ հասարակական, քաղաքական, մարդասիրական և այլ կազմակերպություններ ու անհատներ:

Սիրելի հայրենակիցներ, միացեք «Հանուն Արցախի» համազգային շարժմանը, Ձեր ազգանվեր գաղափարներով»,-հայտարարել է Վիտալի Բալասանյանը: