«Նախագահի վրա անուղղակի ճնշման մասին խոսք չկա: Ազգային ժողովը Հայաստանի Հանրապետության բարձրագույն քաղաքական մարմինն է և կարող է կայացնել Սահմանադրությամբ լիազորված որոշումները»,-այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ԱԺ-ն, մերժելով ՍԴ դատավորի նախորդ թեկնածուներին, անուղղակի ճնշում գործադրեց ՀՀ նախագահի վրա, որպեսզի առաջադրվի Վահե Գրիգորյանի թեկնածությունը:
Արարատ Միրզոյանը նշեց` Վահե Գրիգորյանի դիրքորոշմանը շատ հարցերի շուրջ ծանոթ է, բայց մտերիմ լինելը կապ չունի, դեռ միանշանակ, պետք է լսել նրան:
Մեկնաբանելով այն, որ Վահե Գրիգորյանն իրենց թիմակիցն է և քաղաքականացված անձ է, իսկ ՍԴ-ն ապաքաղաքական ինստիտուտ, Միրզոյանը նկատեց. «Նախորդ տարիներին մենք ականատես ենք եղել զանազան հարցերով լղոզված ձևակերպումների և տարիներ շարունակ այդ մարմինը չի տվել այն առաքելությունը, որի համար ձևավորվել է: Ես մեծ հույս ունեմ, որ այժմյան գործողությունները կհանգեցնեն հակառակ պատկերին»,-ասաց նա:
Արարատ Միրզոյանը շեշտեց` Վահե Գրիգորյանի թեկնածությունը և հետագա հնարավոր ընտրությունը չի նշանակում իշխանությունների կողմից յուրայինի առաջադրում և թիմակցի գործուղում ՍԴ և այնտեղ «իր մարդը ունենալ»:
Ամփոփելով խոսքը, ԱԺ նախագահը շեշտեց` այդ կառույցը և այդ մարդիկ պետք է լինեն անկախ:
Սիլվի Տիգրանյան