Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվամիջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. 

«Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Պաշտոնապե՜ս: Իսկ ոչ պաշտոնապես, յուրաքանչյուրիս սրտի կանչով ու սիրո չափով, ամե՜ն օրն է նրանցը, ամեն ժամը, ամեն վայրկյանը: 

Երեխաները ոչ միայն մեր ապագան են, այլև՝ ներկան, և ամեն պահի է ամեն ինչ արվում երեխաների համար: 
Մենք ոչ միայն կառուցում ենք այն երկիրը, որտեղ երջանիկ են լինելու մեր երեխաները, այլև մեր ամենօրյա վարքն ու գործը, մեր նպատակներն ու աշխատանքը չափում ենք երեխաների գնահատականով: Եվ երջանիկ է նա, ով արժանանում է այդպիսի գնահատանքի:

Շնորհավորում եմ երեխաներին ամենապայծառ ու արևային տոնի առթիվ:
Շնորհավորում եմ բոլոր ծնողներին, տատիկներին ու պապիկներին:

Մաղթում եմ երեխաների հետ կապված բոլոր ցանկությունների ու ծրագրերի կատարյալ իրագործում և հավաստում, որ ոստիկանությունն ամեն ինչ կանի, որպեսզի մեր երկիրը դրա ամենաբարի ու հուսալի վայրը լինի աշխարհում և՜ այսօր, և՜ ապագայում:

Երջանիկ եղեք»: