Ես ծնվեցի…

-Ծնվել եմ 1974 թվականի նոյեմբերի 26-ին: Հայրս արհեստավոր է, մայրս՝ գծագրող: Ընտանիքում առաջնեկը ես եմ և ունեմ ինձնից երեք տարի փոքր քույր: Մանկությանս դրվագներից հիշել, թերևս, դժվարանում եմ, բայց այն, որ եղել եմ չարաճճի երեխա և հարևանների այգու ծառերից գողացել եմ ցոգոլներ, դա շա՜տ լավ եմ հիշում (ժպտում է): Մանուկ հասակում երազել եմ հեծանիվ ունենալ և այնքան խնամքով էի վերաբերվում հեծանիվիս, որ կողքից նայողին զարմանալի կարող էր թվալ իմ այդչափ ուշադրությունը: Շատ եմ սիրել կենդանիներ. պահել եմ ձկներ, լոր, շուն: Ու մինչ օրս էլ փորձում եմ այնպես անել, որ այդ սերը երեխաներիս մեջ էլ առաջացնեմ կենդանիների հանդեպ

Ընտանիք կազմելու իմ որոշումը…

Ես միշտ երազել եմ ընտանիք կազմելու, երեխաներ ունենալու մասին, ովքեր պիտի լինեն իմ տոհմածառի շարունակողները: Աստծո ողորմությամբ օրերից մի օր հանդիպեցի կնոջս: Հետաքրքրական է այն փաստը, որ կինս ապրել է մեր հարակից փողոցում, փոքր ժամանակ բազմիցս նույն վայրում խաղացել ենք, բայց երբեք իրար չենք ճանաչել: Մի հարևան ունեինք. նրա տունն այնպես էր կառուցված, որ կապող օղակ էր դառնում մեր և կնոջս տների միջև: Երբ ժամանակն եկավ ինձ ամուսնացնելու, հարևանս, ով այդ ժամանակ մեր տանն էր, զրույցի ժամանակ նշեց ապագա կնոջս անունը: Առանց վարանելու դուրս եկանք ու գնացինք նրանց տուն. պարզից էլ պարզ էր, որ մեր հարևանն արդեն ինչ-որ բան ակնարկել էր աղջկա տանը (ծիծաղում է): Հետաքրիր էր, երբ ես ուսանող տարիներին ինչ-որ աղջիկ էի նկարում, նա պարտադիր գանգրահեր էր ստացվում: Երբ ես ներս մտա և տեսա նրան, ինձ թվաց իմ նկարած գանգուր աղջիկն է: Տեսա և առաջին հայացքից հավանեցի, ներքին ձայնս ինձ հուշեց, որ իմն է ու վերջ:

Կինս…

– Կնոջս առաջին բնութագրիչն անկեղծությունն է. գնահատել ու շարունակում եմ գնահատել նրա անկեղծությունը: Երբեք չի եղել, որ մեկս մյուսի խաթրով որոշում կայացնենք, ոչ, ամեն մեկս մեր դիրքորոշումն անկեղծ հայտնում ենք: Սա, թերևս, ինձ համար առողջ ընտանիքի մոդելն է:

Սովորություններ, որոնք միշտ առկա են ընտանիքում…

–Առանց հյուրի սեղան չնստել: Մենք երկուսս էլ այսպիսին ենք, եթե մեր տանը երկու օր մարդ չի գալիս, երրորդ օրը հաստատ պիտի լինի, թե չէ կնեղվենք ու կմտածենք՝ մեզ մոռացել են (ծիծաղում է): Միշտ՝ հատկապես ամռանը, երբ մենք ամառանոցում ենք, զանգահարում ենք և հավաքում մեր բարեկամներին, ընկերներին միասին ժամանակ անցկացնելու ակնկալիքով:

Մեր ընտանիքին ընկեր են նրանք, ովքեր…

-Ընկերության վերաբերյալ կա մեկ չափանիշ մեզ համար՝ սրտի մաքրություն: Եթե անկեղծ, մաքուր հոգի ունի, կյանքս կտամ և ընկեր կլինեմ նրան, ով այդպիսին է:

Երեխաներս

-Առաջնեկս ծնվեց, երբ ես նոր ձեռնադրվել էի քահանա և գտնվում էի քառասունքի մեջ: Սևանի ճեմարանում էի, երբ առավոտյան ութին ինձ արթնացրին և իմաց տվեցին, որ հեռախոսին մոտենամ: Գիտեի, որ կինս հղի է, ամեն օր խոսում էի նրա հետ, այնքան էի վախեցել, երբ ինձ հեռախոսի մոտ կանչեցին: Մայրս էր. աչքալուսանք տվեց և շնորհավորեց հայրիկ դառնալու առիթով: Աղջիկ էի ունեցել, ուրախությանս չափ չկար: Մինչ այդ լուրն ամեն ինչ հիշում եմ, իսկ հետոն արդեն ոչինչ չեմ հիշում. կարծես այդ մնացած օրերն ապրած չլինեմ ճեմարանում: Երբ վերջապես գնացի տուն, գրկեցի երեխայիս, տպավորություն էր՝ արարչագործության ժամանակաշրջանում եմ, որ մարդ է ստեղծվել ու նա իմն է:

Աղջիկս հիմա սովորում է Գեղարվեստի ակադեմիայի հագուստի մոդելավորման բաժնի երկրորդ կուրսում. մեր իմիջմեյքերն է (ժպտում է):

Տղայիս ծնվելն ուրիշ էր: Ոչ, ամենևին նրա համար չէ, որ տղա է: Ես միշտ ասել եմ, որ կա աղջիկ, որ հազար տղա արժե և հակառակը, ուստի ամեն ինչ գալիս է դաստիարակությունից: Դաստիարակության ամենակարևոր նախադրյալներն են ազնվությունը, ընտանիքն ու հավատարմությունը: Աշխարհում ազնվությունից լավ բան չկա. ես հիվանդ եմ ազնվության:

Ես ամեն գիշեր երկու անգամ պարտադիր անցնում եմ բոլոր սենյակներով, ծածկում նրանց, համբուրում նրանց ճակատները և նոր հետո միայն քուն մտնում: Երբեք պետք չէ տարբերություն դնել երեխաների միջև:

Տղաս այս տարի ավարտեց դպրոցը. հոր ճանապարհն է ընտրել՝ ընդունվելու է ճեմարան: Նա այժմ ունի դպրական աստիճան և ակնհայտ տեսնում եմ նրա սերը հոգևոր աշխարհի նկատմամբ: Դեպքեր են եղել, երբ կիրակի առավոտյան դիտմամբ նրան չեմ արթնացրել, որ քնի, հանգստանա, իսկ նա նստել է տաքսի ու հասել Ս. Պատարագին. շրջվել ու տեսել եմ կողքիս կանգնած է (ժպտում է): Սկզբունքային է. երկուսիս է քաշել այդ հատկանիշով:

Երբ ծնվեց երրորդ երեխաս, աշխարհընկալումս փոխվեց: Միշտ հումորով կնոջս հետ ասում ենք, որ երրորդը մեր թոռն է (ծիծաղում է): Երբ երիտասարդ տարիքում ես ծնող դառնում դա ուրիշ զգացողություն է, իսկ երբ արդեն հասուն տարիքում ես նորից զգում ծնող լինելու բերկրանքը, աննկարագրելի է:

Փոքրիկս պատրաստի փաստաբան է. մեծից փոքր ոչ մեկ չի կարողանում նրա հախից գալ (ծիծաղում է): Միայն քրոջ ասածն է ընդունում, այն էլ՝ հագուստի ընտրության հարցում: Հիմա սովորում է չորրորդ դասարանում, չգիտենք՝ ինչ ճանապարհով կգնա: Մի քանի օր առաջ իմ ու տիկնոջս աչքով ընկավ մի գունազարդ պատկեր, մտածեցինք մեր փոքրիկն է ներկել, պարզվեց ինքն էր նկարել: Ո±վ իմանա, գուցե, նա էլ քրոջ ճանապարհով գնա:

Խորհուրդներ/ Պատգամներ…

-Պիտի հորդորեմ միմյանց նկատմամբ լինել հավատարիմ և վստահեն մեկը մյուսի: Կասկածն ու թերահավատությունը, եթե եղան ընտանիքում, այն երկար կյանք չի ունենա: Եթե կասկածի սեպը ամուսնու կամ կնոջ ուղեղում խրվեց,կկործանվի ընտանիքը: Կասկածը չարի ամենամեծ զենքն է: Թերահավատ մարդը աստվածապաշտ լինել չի կարող: Կասկածին զոհ չգնալու միակ միջոցը էմոցիաներին չտրվելն է: Սառը դատողությունը կփրկի ցանկացած իրավիճակում: Ոչ մեկս ապահովագրված չէ փորձություններից, երբ կթվա մեզ, որ վերջ, այդ ժամանակ պետք է թողնենք կրքերը հանդարտվեն, նոր գործենք:

2019-ը՝ ընտանիքի տարի…

-Ընտանիքի ինստիտուտը կա և մնում է ազգի հիմքը: Եթե ընտանիքի մեջ բարոյական արժեքներ չկան, ապա ինչի՞ շուրջ պիտի համախմբվեն ընտանիքի անդամները:

Լիլիանա Օսիպյան

qahana.am