Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ հրազենից կրակահերթ արձակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում 2 անձ կալանավորվել է։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հայտնեց Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

«Կալանավորվել են Ալեքսեյ Բալայանն ու Ռոլանդ Այդինյանը։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով»,- ասաց նա։

Նշենք, որ 235-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝ ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելը կրելը կամ փոխադրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ, ազատազրկումը՝ 2-6 տարի:

Ավելի վաղ Քննչական կոմիտեից տեղեկացրել էին, որ Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ հրազենից կրակահերթ արձակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է 2 անձ՝ զենք կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու ինչպես նաև ապօրինի զենք կրելու կասկածանքով:

Հիշեցնենք, որ դեպքի վերաբերյալ Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն էր տարածել. «Մայիսի 29-ի գիշերը՝ ժամը 03։30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան-Մարտունի ճանապարհահատվածին արցախցիներին հայտնի բանդայի կողմից հետապնդվել են Սամվել Բաբայանի համակիրները, զինակից ընկերները, որոնք Սամվել Բաբայանի հետ մարտական ուղի են անցել և վերջինիս հետ ծառայել զինվորական կառույցներում, այսօր էլ ակտիվորեն մասնակցում են նրա հանդիպումներին։ Նրանց ճանապարհը փակել են և հրազենից կրակահերթ ուղղել նրանց ուղղությամբ։ Այդ ճանապարահատվածի բոլոր հնարավոր տեսախցիկներն ու արագաչափերը ֆիքսել են «բանդայի» մրցավազքը»,- ասված էր հայտարարության մեջ։

Դեպքի վերաբերյալ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասել էր, որ կատարվածը երկու խումբ մարդկանց միջև ֆինանսական հարցերի պարզաբանման արդյունքում ծագած վեճ է։