Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը Տավուշի մարզպետարանին պահանջ է ներկայացրել, ըստ որի՝ պետք է վերացնել Նոյեմբերյան համայնքի ավագանու որոշումը, առ այն, որ իրենց տարածքներում հանքարդյունաբերությունն արգելվում է:

Տավուշի մարզպետարանը, Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից ստացված հանձնարարության հիման վրա, առաջարկել է մարզի բոլոր համայնքների ավագանիներին՝ «որոշումներ կայացնելիս պահպանել օրինականության սկզբունքը եւ առաջնորդվել ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի պահանջներով, իսկ վերը նշված դրույթների խախտմամբ որոշումներն անվավեր ճանաչել։ Թեմայի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանի հետ:

-Նոյեմբերյան քաղաքի ավագանու անդամները պնդում են, որ մեկ տարի առաջ են որոշում ընդունել,բայց դրա պատասխմաը ստանում են այսօր։ Արդյո՞ք այդ որոշումը իսկապես սահմանադրական խախտում է և ինչո՞ւ մեկ տարի անց կառավարությունը դրան անդրադարձավ:

-Այն, որ Նոյեմբերյան համայնքը միաձայն մերժել է այնտեղ որևէ հանքի շահագործումը, փաստում են և՛ համընդհանուր ստորագրահավաքները՝ 4000-ին մոտ, և՛ համայնքի ավագանու որոշումները, և՛ մարզպետարանի դիրքորոշումը: Իսկ թե ինչ խնդիր կա ավագանու կայացրած որոշման մեջ՝ այստեղ հարցը ոչ թե բովանդակության մեջ է, այլ ձևի:

Երկու կողմն էլ հանքի շահագործմանը դեմ են արտահայտվում, կարծես այստեղ իրավական մեկնաբանման խնդիր է, տարածքայինից խնդրահարույց են որակում որոշումը, պատճառաբանելով ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի պահանջները հիմքում ընդունելով, իսկ համայնքի ավագանին էլ հիմնավորում է իր որոշումը Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջների համաձայն, որտեղ հակառակ կողմը պնդում է, որ ավագանին չունի այդ հոդվածով որոշում կայացնելու իրավունք: Մենք աչալուրջ հետևում ենք այս գործընթացին և թույլ չենք տա օրենքից դուրս որևէ հանգուցալուծում: Եթե հարցը փոխըմբռնմամբ չլուծվի, կարիք կառաջանա դատական կարգով հանգուցալուծման: Ամեն դեպքում, այստեղ չի կարող ի վնաս համայնքի լուծվել:

-2018 թվականին «Պոլիմետալ Արմենիա» ՍՊԸ-ն հայտարարություն էր տարածել, որ մտադիր է 2018-2021թթ. ընթացքում Լոռու և Տավուշի մարզերում իրականացնել երկրաբանահետախուզական աշխատանքներ, սակայն բնակիչների դժգոհության արդյունքում պրոցեսը դադարեցվեց։ Հնարավո՞ր է, որ այս ամենն այդ պրոցեսը վերսկսելուն է միտված։

-Նոյեմբերյանի ազգաբնակչությունն ունի մի յուրահատուկ բնավորություն, որն այդ տարածաշրջանի բառամթերքով այսպես է հնչում՝ «Կողքը ղալին», դա նշանակում է՝ մի բանի որ չուզենան, մինչև վերջ կպայքարեն իրենց ուզածին հասնելու համար. դա աշխարհագրական դիրքի հետ է կապված՝ ադրբեջանին սահմանակից գտնվելով պայմանավորված: Անընդհատ պայքարը մարդկանց մեջ բարձր իմունիտետ է գեներացրել, այնպես որ, թող ոչ մեկի մտքով չանցնի, որ կարող են միամտացնել և խոտոր ճանապարհներով հանքը շահագործելու իրավունք ձեռք բերել: Բացառում եմ հանքի շահագործումը:

- Որպես այդ տարածքի ներկայացուցիչ, Ձեզ համար որքանո՞վ է ընդունելի հանքի բացումը և որքանով անընդունելի։

- Այն վայրը որտեղ նախատեսված էր հետազոտություն իրականացնել, մեզ համար սուրբ վայր է, բոլորիս հիշողության մեջ մանկական քաղցր հուշեր կան, կարճ ասած՝ այդ վայրերը մեր են: Իմ մանկության և պատանեկության ժամանակահատվածի մեծ չափաբաժինը ուղիղ կապված է այդ բնության վայրերի հետ, ըստ Ձեզ, ի՞նչ դիրքերոշում պիտի ունենամ: Տեղանքը մեծ պոտենցիալ ունի զբոսաշրջության, անասնապահության և հազվագյուտ բուսատեսակներով, որոնք բժշկական տեսակետից արժեքավոր են, զարգացման հեռանկարներով: Միգուցե սա լավ առիթ է՝ վերաարժևորելու մեզ ի վերուստ տրված հնարավորությունները և լիարժեք օգտագործելու այն:

- Ավագանու որոշման մեջ ո՞ր հատվածն անօրինական՝ ըստ Ձեզ։

Դժվարանում եմ պատասխանել, թե որտեղ է թերացել ավագանին, կամ արդյո՞ք թերացել է, հետևենք զարգացումներին: Ես լարվածություն եմ նկատում համայնքապետարանի և մարզպետարանի միջև, գուցե այստե՞ ղ է խնդիրը: Մենք՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը խոշորացույցի տակ ենք պահում իրադարձությունները:

Ասպրամ Փարսադանյան